Հայաստանի Հանրապետությունը հայտ է ներկայացրել հյուրընկալելու «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադան

Հայաստան ժամանած «ICPC հիմնադրամի» նախագահ Ուիլյամ Փաուչերի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար և նշել՝ մրցույթի անցկացումը կարևոր է ոչ միայն որպես իրադարձություն, որն ինքնին նշանակալի է, այլև՝ գործընկերության և հետագա համագործակցության հաստատման ամուր հիմք:

Նախարարն ընդգծել է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում առաջնահերթություն է, և նմանօրինակ միջոցառման կազմակերպումը ռազմավարական ուղղությունների զարգացման տրամաբանական շարունակությունն է:

«ICPC հիմնադրամի» նախագահ Ուիլյամ Փաուչերը շնորհակալություն է հայտնել ընդունելության և հեղինակավոր մրցաշարը հյուրընկալելու հետաքրքրության համար:

ajax-loader