Իլոն Մասկը, որը վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) աշխատանքը, մտադիր է կրկնապատկել կազմակերպության աշխատակազմը, որը ներկայում կազմում է մոտ 100 մարդ։ Այդ մասին նա խոսել է Fox Business հեռուստաալիքի հարցազրույցում։
«Մեզ մոտ աշխատում է 100-ից մի փոքր ավելի մարդ: Հուսով եմ՝ կհասնենք 200-ի»,- նշել է նա։ Մասկի խոսքով՝ թիմը հավաքագրում է ծրագրային ապահովման մշակողների եւ տեղեկատվական անվտանգության մասնագետների։
Նա ավելացրել է, որ DOGE-ն ունի պատասխանատվության լայն շրջանակ՝ ընդգրկելով ԱՄՆ բոլոր դաշնային գործակալությունները: Այս համատեքստում ձեռնարկատերը մատնանշել է բյուջեի «հսկայական դեֆիցիտը», որը կազմում է 2 տրլն դոլար, մինչդեռ տոկոսավճարները գերազանցում են Պենտագոնի բյուջեն։ «Եթե մենք ոչինչ չանենք, ոչ մի բանի համար փող չի լինի։ Մենք ուղղակի կսպասարկենք պարտքերը։ Ես պարզապես չեմ ուզում, որ Ամերիկան սնանկանա»,- ասել է գործարարը։
Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո DOGE-ն սկսել է ԱՄՆ կառավարության ծախսերի մասշտաբային ստուգումը: Իլոն Մասկի խոսքով՝ ծառայությունն ակնկալում է 2 տրլն դոլարով կրճատել Վաշինգտոնի կառավարության ծախսերը։ Փաստորեն, Մասկի դրդմամբ ժամանակավորապես դադարեցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը` նրա հետագա վերակազմավորման նպատակով։