Disney-ի հոսքային ծառայությունների բիզնեսն առաջին անգամ սկսել է շահույթով աշխատել․ ըստ 2024-ի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության՝ ընկերությունը 47 միլիոն դոլարի շահույթ է ստացել Disney Plus-ից, Hulu-ից և ESPN Plus-ից:
Ինչպես հոսքային շուկայի մյուս խաղացողները, Disney-ն քրտնաջան աշխատել է իր բիզնեսը շահութաբեր դարձնելու համար, սակայն Disney Plus-ը, ESPN Plus-ը և Hulu-ն անցյալ տարի 512 միլիոն դոլարի կորուստ էին ունեցել։ Իրադրությունն դեպի լավը սկսեց փոխվել անցյալ եռամսյակում, երբ Disney Plus-ը և Hulu-ն վերադարձան շահութաբերության, բայց ESPN Plus-ի կորուստները թույլ չտվեցին ընկերության ողջ հոսքային բիզնեսին անցնել շահութաբերության սահմանը:
«Սա ուժեղ եռամսյակ էր Disney-ի համար, որը պայմանավորված էր մեր ժամանցային հատվածի հզոր արդյունքներով և՛ տոմսարկղերում, և՛ ուղղակի սպառողներին վաճառքի ոլորտում. մենք առաջին անգամ հասանք շահութաբերության մեր համակցված հոսքային բիզնեսում և մեկ քառորդով առաջ էինք մեր նախորդ կանխատեսումից»,- ասել է Disney-ի գործադիր տնօրեն Բոբ Իգերը:
Հաշվետու ժամանակահատվածում Disney Plus հարթակը հավաքել է ընդամենը 1 միլիոն նոր բաժանորդ ԱՄՆ-ում և Կանադայում՝ նրանց ընդհանուր թիվը հասցնելով 54,8 միլիոնի։ Hulu-ի բաժանորդների թիվը եռամսյակի ընթացքում աճել է 50,2 միլիոնից մինչև 51,1 միլիոն։
Disney-ն համեմատաբար կայուն աճ է գրանցում, բայց շարունակում է ուղիներ փնտրել իր օգտատերերի բազայից ավելի շատ գումար վաստակելու համար: Օրերս ընկերությունը հայտարարեց գների բարձրացման մասին, որը կանդրադառնա Disney Plus-ի, Hulu-ի և ESPN Plus-ի ծրագրերի վրա, ինչը հետևողականորեն արել է վերջին տարիներին: Մոտ ապագայում Disney-ն մտադիր է նաև սկսել բազմակի օգտատերերի հաշիվների փոխանակման դեմ պայքարը: