Բոստոնյան Perceptive ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին ռոբոտ ատամնաբույժը, որն արհեստական բանականության (ԱԲ) հսկողության ներքո կարողացել է ինքնուրույն պրոցեդուրա կատարել կենդանի մարդու ատամների վրա։ Perceptive-ի ստեղծած ռոբոտը պսակը տեղադրելու նպատակով ատամի լցոնման սովորական պրոցեդուրան երկու ժամի փոխարեն անում է ընդամենը 15 րոպեում, գրում է New Atlas-ը։

Առաջարկվող լուծումը դեռևս չի հաստատվել կլինիկական օգտագործման համար, ուստի ռոբոտ ատամնաբույժները դեռ չեն հայտնվի բժիշկների զինանոցում։ Այնուամենայնիվ, ըստ կայքի՝ վաղ թե ուշ դա տեղի կունենա։ Առնվազն, հեռաբժշկությունը մտնում է կիրառության մեջ, և սա ուղիղ ճանապարհ է հեռավար կարգով գործողություններ կատարելու համար գործիքներ ստեղծելու և դրանք ԱԲ-ով գործող հարթակներին սովորեցնելու համար:
Perceptive ռոբոտ ատամնաբույժը ներկայումս կատարում է միայն մեկ պրոցեդուրա՝ ատամների լցոնում՝ պսակի տեղադրման համար: Մարդ բժիշկը սովորաբար այս պրոցեդուրաների համար նախատեսում է երկու երկժամյա սեանս: Ռոբոտը, մշակողների խոսքով, առաջադրանքը կատարել է 15 րոպեում։ Ավելին, ռոբոտն ապահով կերպով բուժում է ատամները նույնիսկ եթե բուժառուն ընթացքում շարժվում է։
«Մենք ուրախ ենք հաջողությամբ ավարտելու աշխարհում առաջին լիովին ավտոմատացված ռոբոտային ատամնաբուժական պրոցեդուրան։ Այս բժշկական առաջընթացը բարելավում է ատամնաբուժական պրոցեդուրաների ճշգրտությունն ու արդյունավետությունը և ժողովրդավարացնում է ավելի որակյալ ատամնաբուժական խնամքի հասանելիությունը հիվանդների համար՝ ավելի լավ կլինիկական արդյունքներով: Մենք ակնկալում ենք բարելավել մեր համակարգը և ստեղծել նորարարական, մասշտաբային, լիովին ավտոմատացված ատամնաբուժական լուծումներ հիվանդների համար»,- ասել է Perceptive-ի գործադիր տնօրեն և հիմնադիր դոկտոր Քրիս Սիրիելոն:

Մինչ վիրահատությունն սկսելը, բժիշկը սկանավորում է հիվանդի բերանի խոռոչը ձեռքի սկաներով: Ստացված պատկերների հիման վրա, որոնք հնարավորություն են տալիս 90% ճշգրտությամբ հայտնաբերել ատամների բոլոր խոռոչները, արհեստական բանականության համար առաջադրանք է ձևակերպվում (որը քննարկվում է նաև բուժառուի հետ)։ Դրանից հետո ռոբոտն անցնում է աշխատանքի և իր գործն անում համակարգչային կառավարվող մեքենայի ճշգրտությամբ: Ըստ ընկերության՝ այն ավելի արագ է, անցավ, ճշգրիտ և, հնարավոր է, ավելի էժան, քան այն կաներ մարդ բժիշկը: