Պոլիտեխնիկում կբացվի «Կրիտիկական մետաղների» նորարարական կենտրոն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կստեղծվի «Կրիտիկական մետաղների» գիտահետազոտական և նորարարական լաբորատորիա։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը` նշելով, որ ստորագրել է դրամաշնորհային պայմանագիր Բուլղարիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդար Պատարինսկիի հետ։

Լաբորատորիան կարևոր դեր է ունենալու կանաչ էներգիայի անցման, հանքահումքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և այս ուղղություններով որակյալ կրթության զարգացման գործում։

Նորաստեղծ լաբորատորիան իր տեսակով կլինի առաջինը Հայաստանում՝ հնարավորություն ընձեռելով իրականացնել համալիր ուսումնասիրություններ այն քիմիական տարրերի վերաբերյալ, որոնց պահանջարկը աճում է արևային էներգիայի և էլեկտրական տրանսպորտի ոլորտներում։

Բուլղարիայի Հանրապետության զարգացման աջակցության շրջանակում լաբորատորիան կստանա նաև անհրաժեշտ սարքավորումներ՝ քիմիական անալիզի, ռեագենտների և օժանդակ պարագաների համալիրով։

ajax-loader