«Նոր ոսկեդար»․ Թրամփը և Տակաիչին համաձայնագրեր են ստորագրել հազվագյուտ հողային մետաղների շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի նորընտիր վարչապետ Սանաե Տակաիչիի հետ։ Երկու ղեկավարները ստորագրել են հազվագյուտ հողային մետաղների, ինչպես նաև երկրների միջև դաշնակցության «նոր ոսկեդարի» մասին համաձայնագրեր։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։

Նոր համաձայնագրով նախատեսվում է ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև հազվագյուտ հողային մետաղների մատակարարման և արտադրության խթանում։ Երկու երկրները պայմանավորվել են համագործակցել՝ գործի դնելով այնպիսի քաղաքականություն, առևտրային միջոցներ և համակարգված ներդրումներ, որոնք զարկ կտան հանքանյութերի արտադրությանը։ 

BBC-ն հիշեցնում է, որ Վաշինգտոնը ցանկանում է դիվերսիֆիկացնել կարևոր հանքանյութերի մատակարարման աղբյուրները, որպեսզի նվազեցնի Չինաստանից կախվածությունը։ 

Օրերս Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում Թրամփը հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագրեր է ստորագրել նաև Մալայզիայի, Թաիլանդի և Ավստրալիայի հետ։ 

Երկու ղեկավարները նաև ստորագրել են «նոր ոսկեդարի» շուրջ համաձայնագիր, որը վերաբերում է երկու դաշնակիցների կողմից այս տարի ավելի վաղ ստորագրված համաձայնագրերին՝ կապված ռազմավարական ներդրումների և փոխադարձ ազգային շահերի հետ։ 

Նոր ստորագրված փաստաթղթում ասվում է, որ Թրամփը և Տակաիչին «գոհունակությամբ նշել են երկու երկրների արագ և շարունակական ջանքերը և հաստատել են իրենց ամուր հանձնառությունը՝ իրագործել այս հրաշալի համաձայնությունը»։

Համաձայնագիրը կօգնի երկու երկրներին «ամրապնդել տնտեսական անվտանգությունը, խթանել տնտեսական աճը և դրանով իսկ շարունակաբար կտանի դեպի համաշխարհային բարգավաճում»։

Նաև ասվում է, որ Թրամփը և Տակաիչին խոսել են համապատասխան պաշտոնյաների հետ՝ «հետագա քայլեր ձեռնարկել ԱՄՆ-Ճապոնիա անընդհատ զարգացող դաշնակցության նոր ոսկեդարի ուղղությամբ»։

«Նոր ոսկեդարի» և հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ փաստաթղթերը ստորագրելիս Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիան ԱՄՆ-ի դաշնակիցն է «ամենաբարձր մակարդակով»։ Նա նաև ընդգծել է ընտրություններում Տակաիչիի՝ որպես Ճապոնիայի առաջին կին վարչապետի հաղթանակի կարևորությունը։ 

ajax-loader