Չեմ բացառում՝ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ. Ն․ Փաշինյան

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ ըստ էության, չի մատնանշում՝ որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ֆունդամենտալ պրոբլեմը սա է։ Երբ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90 %-ը կվերանա»,- նշեց նա։

Անդրադառնալով ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուն՝ Փաշինյանն ասաց, որ հարցը քննարկման փուլում է։ «Մեր ընկալումն այն է, որ ՀԱՊԿ-ն է դուրս եկել կամ դուրս գալիս ՀՀ-ից։ Եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբեյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, որ ՀՀ-ն արձանագրի՝ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, նկատի ունեմ՝ առաջին հերթին կազմակերպության ունեցած պարտավորությունները»,- նշեց նա։

Վարչապետը  չբացառեց, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ. «Բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, եթե մեր արձանագրումը լինի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե յուրե և ոչինչ չտվող կարգավիճակը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ Արևմուտքից Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու որևէ ազդակ Հայաստանը չի ստանում, չի ստացել, և չի կարծում, որ երբևէ այդպիսի ազդակ կլինի։

«Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում է այդ թվում Ռուսաստանին։ Մեր երկկողմ հարաբերությունը ՌԴ գործընկերների հետ, շատ թափանցիկ ենք քննարկում»,- նշեց նա։

Նյութի աղբյուր   https://hetq.am/hy/article/156342

ajax-loader