2022-ի սեպտեմբերյան դեպքերից հետո հայկական կողմից հստակ խնդրանք է ներկայացվել տեղակայել դիտորդական առաքելություն Հայաստանում, հստակ համաձայնագիր կա՝ լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին, որևէ ռազմական բաղադրիչ չկա։ Ցանկացած անկախ երկիր իրավասու է հրավիրել դիտորդներ։
Այս մասին այսօր Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Նա նշեց, որ դիտորդները դեռ ամբողջ թափով չեն գործում, շարունակում են ընդլայնվել և համագործակցում են ՀՀ իշխանությունների հետ։
Խոսելով վերջին շրջանում Սոթքում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ ԵՄ դեսպանը ասաց, որ դիտորդներն այնտեղ չեն եղել։
«Եթե խոսքը Սոթքի մասին է, նրանք այնտեղ ներկա չեն եղել, բայց սահմանի բավականին զգալի երկայնքով ներկա են։ Նրանք ցանկություն չունեն հայտնվելու այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում, նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում այն, ինչ տեսնում են, բայց դա չի նշանակում, որ հայտնվելու են ինչ-որ կետում, որտեղ մի բան է տեղի ունենում։ Պետք է հաշվի առնել, որ հայկական կողմն է պատասխանատու մշտադիտարկողների անվտանգության ապահովման համար։ Կարող է լինել մի իրավիճակ, երբ դիտորդները հրաժարվեն կոնկրետ տեղ գնալուց»,- ընդգծեց Վիկտորինը: