Հերոսության և փառքի 80 տարի. համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Դմիտրի Շոստակովիչի խորհրդանշական 7-րդ՝ «Լենինգրադյան» սիմֆոնիան։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, «Հերոսության և փառքի ութսուն տարի» խորագրով համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիայի պրեմիերան կայացել է 1942 թվականի մարտի 5-ին Կույբիշևում, այնուհետև այն ներկայացվել է տարբեր քաղաքներում։ 1942 թվականի ամռանը սիմֆոնիան կատարել են նաև Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Սակայն հեղինակի երազանքն էր, որպեսզի այն հնչի Լենինգրադում՝ իր հայրենի քաղաքում։ Եվ ահա սիմֆոնիայի լենինգրադյան պրեմիերան կայացավ 1942 թվականի օգոստոսի 9-ին՝ պաշարված քաղաքում։ Ի դեպ, Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան «Լենինգրադյան» անվանել է բանաստեղծուհի Աննա Ախմատովան։  

Մեծ հայրենականի տարիներին գրված այս ստեղծագործությունը խորհրդային ժողովրդի տոկունության և քաջության խորհրդանիշներից մեկն է։ Սիմֆոնիայի երաժշտության մեջ հնչում է անխուսափելի հաղթանակի ձայնը։

Մայիսի 9-ին Շոստակովիչի «Լենինգրադյան» սիմֆոնիան Երևանում կհնչի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մեկնաբանմամբ։  

ajax-loader