ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ` Սյունիքի մարզում կրթության մատչելիության և վերջնարդյունքների բարելավման նպատակով: Այսօր Սյունիքի մարզպետարանում կնքվեց համագործակցության եռակողմ պայմանագիր:
Այս գործընկերության շրջանակում ԶՊՄԿ-ն զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Սյունիքի մարզում «Դասավանդի՛ր, Հայաստանի» ծրագրերի գործունեության իրականացմանը և ճանաչվում է որպես «Դասավանդի՛ր, Հայաստանի» պաշտոնական տարածաշրջանային հովանավոր Սյունիքի մարզում՝ 2025–2026 ուսումնական տարվա համար։

Այդ հովանավորության արդյունքում ծրագրի շրջանակում հնարավորություն կտրվի ուսուցիչ-առաջնորդներ տեղակայել Սյունիքի մարզի առավել կարիքավոր համայնքներում՝ դրական ազդեցություն ունենալով շուրջ 2000 աշակերտների կյանքի վրա։
Պաշտոնական արարողությունից հետո Սյունիքի մարզպետը կարևորեց ծրագրի գործունեությունը` հատկապես Սյունիքի մարզում:

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն ընդգծեց, որ ընկերությունն իր սոցիալական ծրագրերի բյուջեի զգալի մասն ուղղում է կրթական նախագծերին։
«Մենք խորապես երախտապարտ ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմին աջակցության և ԶՊՄԿ -ին կրթությանը և սոցիալական զարգացմանն ուղղված անսահման նվիրվածության համար։ Նրանց աջակցությունն ընդգծում է մեր ընդհանուր հավատը, որ կրթությունը փոփոխություն բերող հզոր ուժ է»,- նշեց «Դասավանդի՛ր, Հայաստանի» ներկայացուցիչը։