ՌԴ-ն նշել է կազմակերպված հանցավորության 76% աճի մասին պատերազմից հանցագործների վերադարձից հետո

Ռուսաստանում կազմակերպված հանցավոր խմբերի (ԿՀԽ) կատարած հանցագործությունների թիվը ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին ավելացել է 76 տոկոսով՝ (16,9 հազար) 2021թ. նույն ժամանակամիջոցի համեմատ, գրել է «Можем объяснить» ալիքը՝ հղում կատարելով ՆԳՆ վիճակագրությանը։ Այդ հանցագործությունների թիվն սկսել է ավելանալ պատերազմն սկսվելուց հետո եւ տարեցտարի աճում է, նշել է պարբերականը։

Աճի մասին է վկայում նաեւ դատական վիճակագրությունը։ 2023թ. կազմակերպված հանցավորության հոդվածներով երկրում դատապարտվել է 334 մարդ, ինչը 42 տոկոսով ավելին է, քան 2021թ. (235 մարդ)։

Ուկրաինա ՌԴ-ի ներխուժումից հետո ՌԴ ՆԳՆ-ն սկսել է գրանցել քրեական միջադեպերի բռնկում՝ կապված զենքի անօրինական շրջանառության հետ։ Ամենից շատ նման հանցագործություններ տեղի են ունեցել  ուկրաինական սահմանին մոտ գտնվող շրջաններում։ Այդ թիվն ավելացել է 5-17 անգամ 2021թ. համեմատ։ 2023թ. վերջին գերատեսչությունը որոշել է թաքցնել այդ վիճակագրությունը։

Հունիսին Բի-բի-սին եւ «Մեդիազոնան» հաշվարկել են, որ պատերազմին («Վագներ» ՄՌԿ-ի կազմում) մասնակցելու համար ազատ են արձակվել ավելի քան 31 հազար բանտարկյալներ։ Նրանք բոլորը  ներում են ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Վիճակագրությունը չի հաշվառել այլ ստորաբաժանումները, որոնցում ծառայություն են անցնում քրեականները։

Ռուսաստանում քրեածին իրադրության վատացման մասին ճակատից նախկին բանտարկյալների վերադառնալուց հետո ավելի վաղ զգուշացնում էին Պետդումայում։ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, իր հերթին, տեղեկացրել է, որ պատերազմի միայն առաջին տարում առանձնակի ծանր հանցագործությունների թիվը ավելացել է 9,4 տոկոսով՝ հասնելով մոտ 125 հազար դեպքի։ 2023թ. ոստիկանությունը գրանցել է արդեն ավելի քան 142 հազար առանձնակի ծանր դեպք։

ՆԳՆ Գիտահետազոտական ինստիտուտի կանխատեսումներով՝ 2024թ. առանձնակի ծանր հանցագործությունների թվի աճը կկազմի 7 տոկոս, իսկ դրանց ընդհանուր թիվը կգերազանցի 152 հազարը, ինչը ռեկորդային կլինի վերջին 15 տարիներին։ Գործոնները, որոնք կազդեն հանցավորության աճի վրա, ներառում են պատերազմն Ուկրաինայում եւ դրա հետեւանքները, ինչպիսին են զենքի «սեւ շուկայի» մեծացումը եւ ճակատից նախկին հանցագործների վերադարձը, նշում են ՆԳՆ-ում։

ajax-loader