Աթենքում բացվել է Հայաստանի արվեստի դպրոցների սաների բացառիկ ցուցահանդես

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքում բացվել է Հայաստանի արվեստի դպրոցների սաների բացառիկ ցուցահանդես։

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, «Հունական և Հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» վերտառությամբ ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունեցել «Մերկուրի» մշակութային հիմնադրամում և իրականացվել է «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում։ 

Ներկայացվել է մրցույթով ընգրկված շուրջ 100 նկար՝ 5-18 տարեկան երեխաների մասնակցությամբ։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Աթենքի Մշակույթի, սպորտի և երիտասարդության կազմակերպության (OPANDA) նախագահ Էլենի Զոնդիրուին, Հունահայոց Թեմի Առաջնորդ Խորեն Եպիսկոպոս Առաքելյանը, Universe Art միջազգային փառատոնի նախագահ Աննա Հարությունյանը և փառատոնի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մրցույթի մասնակից երեխաներ Հայաստանից, Աթենքում գործող հունահայ կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ և աշակերտներ, մտավորականներ, Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։

«Պլատոնի այն միտքը, որ կրթության նպատակը գեղեցիկը սիրելու ուսուցման մեջ է, բացարձակապես ճիշտ է, սակայն դրան պետք է հավելել, որ արվեստի կրությունը դրանով չի սահմանափակվում։ Գեղագիտական կրթությունը նպատակ է հետապնդում ոչ միայն արվեստագետներ աճեցնելու, այլ կայացնելու ամբողջական մարդ, պատասխանատու քաղաքացուն, ով ունակ է ազատ հասարակությունում կերտելու հաջողակ կյանք։ Այս ցուցահանդեսը ի մի է բերել Հայաստանի ամբողջ տարածքից արվեստի դպրոցներից մրցույթով ընտրված հարյուրից ավել նկարներ՝ նվիրված հունական և հայկական առասպելաբանությանը։ Մշակութային մի տարածքում են ի մի բերվել հունական և հայկական գեղարվեստական շերտեր։ Իսկ նման մշակութային փոխշփումներն ունեն քաղաքակրթական նշանակություն։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ աշակերտները ներկայացնում են առասպելաբանական կերպարների, որոնք տարբեր անվանումներով, սակայն ընդհանուր հատկանիշներով կերպարներ են հայկական և հունական մշակույթներում, այն ավելի է ընդգծում հայ-հունական մշակութային ընդհանրությունները։ Հազարամյակների այդ առանձնահատկությունները արտահայտվում են 10-15 տարեկան երեխաների միջոցով։ Սա բացառիկ գեղեցիկ երևույթ է։ Որոշ նկարներում նաև արտահայտված է հելենիզմի ազդեցությունը հայկական մշակույթի վրա»,- բացման իր խոսքում նշել է Տիգրան Մկրտչյանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աթենքի քաղաքապետ Հարիս Դուկասին, Աթենքի Մշակույթի, սպորտի և երիտասարդության կազմակերպության (OPANDA) նախագահ Էլենի Զոնդիրուին, Universe Art միջազգային փառատոնի նախագահ Աննա Հարությունյանին, «Մերկուրի» մշակութային կենտրոնին, Երևանից ժամանաց արվեստի դպրոցի ուսուցիչներին և երեխաներին, «Ավետիս» պարի դպրոցի ղեկավար Շուշանիկ Սեմերջյանին։

Այնուհետև ելույթներ է ունեցել ունեցավ Աթենքի Մշակույթի, սպորտի և երիտասարդության կազմակերպության (OPANDA) նախագահ Էլենի Զոնդիրուն, ով ներկաներին փոխանցել է Աթենքի քաղաքապետի բարեմաղթանքները և ընդգծել միջոցառման կարևորությունը միջմշակութային շփումների համատեքստում։

Universe Art միջազգային փառատոնի նախագահ Աննա Հարությունյանն իր խոսքում ներկայացրել է փառատոնի նախապատմությունը, միջազգային նշանակությունը և Աթենքում հայ փոքրիկ նկարիչների գործերը երկարատև նախապատրաստական աշխատանքներից հետո ներկայացնելու պատիվը։

Միջոցառման բացման արարողությանը հաջորդել է Աթենքում գործող «Ավետիս» հայկական պարային համույթի տպավորիչ կատարումները։

ajax-loader