«Ջազի սիմֆոնիա»․ կհնչեն Գարի Քյոսայանի ստեղծագործությունները

Ջազային ճանաչված երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, երաժշտասերներին կներկայացնեն Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները:

«Ջազի սիմֆոնիա» խորագրով համերգը տեղի կունենա հունիսի 13-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: 

Գարի Քյոսայանը համերգի առաջին մասում կնվագի իր սոլո ջազ ստեղծագործությունները, համաշխարհային ջազային հիթեր, կլինեն պրեմիերաներ, իսկ երկրորդ մասում նվագախմբի ընկերակցությամբ կհնչեն ֆիլմերի և ներկայացումների համար գրած գործերը: 

Համերգն ընդգրկված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ցանկում: Հնչելու են ֆիլմերի և ներկայացումների մեղեդիները՝ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումից, «Լռության սիմֆոնիա» ֆիլմերից և այլն: Մեր ազգի մշակութային ու քաղաքակրթական անցյալի առաջ խոնարհ, բայց ջազի նման ըմբոստ ու մարտնչող երաժշտություն ստեղծող մաեստրոյի հարուստ կենսագրությունը հնարավոր չէ ամփոփել փոքրիկ հոդվածի շրջանակում:

Այսօր էլ Քյոսայանը շարունակում է արարել և արվեստասերներին ընծայել նոր ստեղծագործություններ, որոնք ոգեղեն ուժ են տալիս հային՝ շարունակելու իր ընթացքը այս մարտահրավերներով լի ժամանակներում:

ajax-loader