Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արագածոտնի մարզ։
Ինչպես հայտնեցին «Իմ քայլը» հիմնադրամից, Ագարակ բնակավայրում պատվիրակությունը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում հաստատված 10 ընտանիքների, որոնք «Իմ քայլը» հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության աջակցությամբ ստացել էին նվիրատվություն՝ ջերմատներ, իրենց տնտեսապես կայունացման և սոցիալական վերաինտեգրման համար։

Այցի ընթացքում պատվիրակությանն ուղեկցել են «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանը, ծրագրի ղեկավար Թագուհի Միրզախանյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալներ Արմեն Գրիգորյանը, Միլադա Հովհաննիսյանը և մարզպետարանի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ։
Աննիտա Դեմետրիուին ներկայացվել են տարված աշխատանքի ծավալները և ընթացիկ արդյունքները։ Նա ծանոթացել է շահառու ընտանիքների հետ, անմիջական զրույցի ընթացքում լսել նրանց պատմություններն ու խոչընդոտները, որոնց ստիպված են եղել բախվել տեղահանման պատճառով, խրախուսել է նրանց աշխատասիրությունն ու ստեղծելու, արարելու մեծ մղումը։
Նա ընդգծել է, որ լիովին գիտակցում է այն դժվարություններն ու մարտահրավերները, որոնց բախվում են շահառու ընտանիքները, և իր խոսքում անկեղծ ապրումակցում և զորակցություն է հայտնել նրանց։
Աննիտա Դեմետրիուն ընդգծել է Կիպրոսի կառավարության շարունակական աջակցության պատրաստակամությունը՝ այսպիսի ծրագրերի միջոցով շարունակելու փոխել բազմաթիվ մարդկանց կյանքեր։

«Իմ քայլը» հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնությունն ամբողջությամբ իրականացվում է Կիպրոսի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի ֆինանսավորմամբ։ Այդ միջոցներով էլ 2024 թ․-ի նոյեմբերի 1-ից սկսած հիմնադրամը կարողացել է հաջողությամբ իրականացնել նախաձեռնության բոլոր փուլերը՝ կաթիլային ոռոգման համակարգերով հագեցած ջերմատների կառուցումից մինչև սերմերի և սածիլների տրամադրում ընտանիքներին։ Զուգահեռաբար անցկացվել են նաև տեսական և գործնական դասընթացներ շահառու ընտանիքների հետ, տրամադրվել է անհատական խորհրդատվություն մասնագետների կողմից՝ ջերմատնային տնտեսության արդյունավետ վարման նպատակով։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Արագածոտնի և Լոռու մարզերում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 20 ընտանիքներ ստացել են 250 քմ մակերեսով ջերմատներ, որոնք հնարավորություն են տալիս շահառուներին վարել կայուն գյուղատնտեսական գործունեություն և տնտեսապես ապահովել իրենց ընտանիքները։ Ծրագրի հիմնական նպատակը ԼՂ-ից տեղահանված ընտանիքների տնտեսական կայունության ապահովումն է, ինչպես նաև համայնքներում նրանց արդյունավետ ինտեգրումը և ՀՀ-ում մշտապես բնակվելու խթանումը։

Նախաձեռնության ավարտը մայիսի 31-ն է, բայց ինչպես մյուս ծրագրերի, այնպես էլ «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շահառուների հետ հիմնադրամը պլանավորում է շարունակական աշխատանք կատարել՝ հնարավորության դեպքում տրամադրելով հավելյալ աջակցություն և ներգրավելով նրանց ինքնակրթվելու, զարգանալու, ոտքի կանգնելու համար ստեղծված այլ ծրագրերում։