ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է «ՆԴՊ» ՍՊԸ -ին պատկանող կարագի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավիթ Բեկի փողոց):
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:
Ի մասնավորի՝
- Արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունները
- Չի բացառվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների, արտադրական շինություններ ներթափանցումը
- Արտադրամասն ապահովված չի եղել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմաններով, ինչպես նաև անձնակազմի համար հանդերձարանով
- Արտադրական հատվածում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ
- Կոյուղու համակարգերը նախագծված և իրականացված չեն եղել այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը
- Սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մի մասը պատրաստված չի եղել ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից
- Սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: