Իսպանացի հանրահայտ երգչուհի Այնոա Արտետան առաջին անգամ հանդես կգա Երևանում

Իսպանացի սոպրանո Այնոա Արտետան առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում: Արտետայի «Ես գալիս եմ Իսպանիայից» խորագրով համերգը տեղի կունենա մայիսի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Երգչուհուն կնվագակցի անվանի դաշնակահար Վիկտոր Կարբախոն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը կազմակերպել են Հայաստանում Իսպանիայի թագավորության դեսպանությունը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Primavera Foundation of Armenia-ի աջակցությամբ: 

Երեկոյին կիշխի իսպանական տաք, կոլորիտային ու զգացմունքային ոգին: Կհնչեն իսպանացի հայտնի կոմպոզիտորներ Անտոն Գարսիա Աբրիլի, Մանուել դե Ֆայայի, Ֆերնանդո Օբրադորեսի, Էնրիկե Գրանդոսի ստեղծագործությունները: 

Այնոա Արտետան բասկյան արմատներով, գեղեցիկ ձայնով, բեմական գրավիչ խարիզմայով և համակրելի արտաքինով երգչուհի է, որի արտիստիզմը գերում է հանդիսատեսին և ստիպում կլանված հետևել կատարման ամեն մի հնչերանգին ու ժեստին: Արտետան շլացվող կարիերա է կերտել՝ հանդես գալով  Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Միլանի Լա Սկալա, Լոնդոնի Թագավորական Քովենթ Գարդեն, Բավարիայի պետական, Նեապոլի Սան Կառլո, Արենա դի Վերոնա, Մոսկվայի Բոլշոյ և աշխարհի այլ հեղինակավոր օպերային թատրոններում և համերգասրահներում: 

Գլխավոր դերերով հանդես է եկել «Տրավիատա», «Բոհեմ», «Տուրանդոտ», «Տոսկա», «Մանոն Լեսկո», «Մադամ Բաթերֆլա», «Ադրիանա Լեկուվրեր», «Ռոմեո և Ջուլիետ», «Եվգենի Օնեգին» օպերաներում: 

Համագործակցել է այնպիսի մեծանուն դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Գուստավո Դուդամելը, Նիկոլա Լուիզոտտին, Ջանանդրեա Դոզեդան, Սըր Նևիլ Մերրիները, Քրիստոֆեր Հոգվուդը, Վասիլի Պետրենկոն, Պաբլո Գոնսալեսը, Վիկտոր Պաբլո Պերեսը և ուրիշներ:

ajax-loader