Չինաստանում առաջին անգամ պատմության մեջ խոզի լյարդ են փոխպատվաստել մարդուն

Չորրորդ ռազմական բժշկական համալսարանի չինացի գիտնականները գենետիկորեն մոդիֆիկացված խոզի լյարդի առաջին փորձնական փոխպատվաստումն են կատարել կոմայի մեջ գտնվող պացիենտին: Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական ​​ամսագրում։ Օրգանը վերցվել է փոքր խոզից՝ խմբագրված վեց գեներով: Ռեցիպիենտը չափահաս մարդ էր, որի մոտ ախտորոշվել էր ուղեղի ֆունկցիայի անդառնալի կորուստ, որի կյանքը ապահովվում էր բժշկական սարքերով:

Փորձը տեւել է 10 օր եւ դադարեցվել է հետազոտվողի ընտանիքի խնդրանքով։ Դիտարկման ողջ ժամանակահատվածում փոխպատվաստված լյարդը գործել է նորմալ՝ արտադրելով լեղի եւ ալբումին սպիտակուց։

Խոզերը համարվում են քսենոտրանսպլանտացիաների (տեսակների միջեւ օրգանների փոխպատվաստում) օպտիմալ դոնորներ: Նրանց անատոմիան եւ ֆիզիոլոգիան նման են մարդկանց, եւ գենետիկ մոդիֆիկացիան նվազեցնում է մերժման վտանգը:

Հետազոտության հեղինակներն ավելացրել են, որ խոզի լյարդը շատ ավելի քիչ լեղի ու ալբումին է արտադրում, քան մարդու լյարդը: Տեխնոլոգիան բարելավելու համար կպահանջվեն ավելի քան 10 օր տեւողությամբ նոր փորձեր։

ajax-loader