Մեն կղզին՝ Անգլիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բրիտանական թագի ինքնավար կառույցը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ կտա մահացու հիվանդ չափահաս մարդկանց ընտրել իրենց կյանքին վերջ տալու իրավունքը, հայտնել է Reuters-ը։
Նշվել է որ օրինագիծը նպատակ ունի թույլ տալ այն մարդկանց, որոնց 12 ամսից քիչ է մնացել ապրելու, օգնություն ստանալ իրենց կյանքին վերջ տալու համար՝ կղզին պոտենցիալ առումով դարձնելով առաջինը Բրիտանական կղզիներում, որտեղ անբուժելի հիվանդ մարդիկ օրինական իրավունք կունենան վերջ դնելու իրենց կյանքին:
Ցանկացողները պետք է լինեն 18 տարեկանից բարձր, գրանցված լինեն Մեն կղզում ընտանեկան բժշկի մոտ եւ հինգ տարի ապրած լինեն կղզում: Մարդիկ պետք է որոշում կայացնելու կարողություն ունենան, որը պետք է վավերացված լինի երկու անկախ բժիշկների կողմից:
«Մեն կղզու խորհրդարանն այսօր ընդունել է ինքնակամ մահվան մասին օրինագիծը, որն այժմ կներկայացվի Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարություն՝ համաձայնության համար»,- նշվել է հաղորդագրությունում:
Օրինագիծը հավանության է արժանացել՝ չնայած մոտ 84 հազար բնակչություն ունեցող կղզում որոշ հակասական ձայների:
2023թ. Մեն կղզու բժշկական հասարակության կողմից 108 բժիշկների հարցումը ցույց է տվել, որ 74 տոկոսը դեմ է օրինագծին, իսկ 34 տոկոսն ասել է, որ կմտածի լքել կղզին, եթե դա օրենք դառնա: