Երկարատև դադարից հետո Գյումրի է ժամանել Գյումրիի «Արվեստների ակադեմիայի» հիմնադիր, անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը:
1991 թվականի հունիսին Լորիս Ճգնավորյանը մի խումբ ուխտագնացների հետ ոտքով Երևանից քայլեց մինչև Գյումրի, որպեսզի դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի: Ականատեսները պատմում են, որ քաղաքի մուտքի մոտ, ի նշան հարգանքի, մաեստրոն հանեց կոշիկները և ոտաբոբիկ մտավ ավերված քաղաք:
Արվեստների երեք տարբեր բուհեր համախմբող կառույցը 1988 թվականի երկրաշարժից հետո դարձավ փյունիկ գյումրեցիների համար. Սպիտակի երկրաշարժից հետո իր հույսն ու հավատը կորցրած գյումրեցին նոր էր փորձում ուժ գտնել ապրելու համար, երբ փլատակների վերածված քաղաքում արվեստների կենտրոն ստեղծելու խենթ գաղափար ծնվեց՝ ստիպելով գյումրեցուն կրկին հավատալ վաղվա օրվան: Նախաձեռնությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության և նրա նախագահ տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանի աջակցությամբ ավարտին հասավ 1997 թվականիին: Նույն տարվա հոկտեմբերի մեկին տեղի ունեցավ Գյումրու Արվեստների ակադեմիայի հանդիսավոր բացումը:

Այս ընթացքում հաջողություն ու ձեռքբերումներ գրանցել են Ակադեմիայի տանիքի տակ գործող կրթական հաստատությունները՝ այստեղ են տեղակայված Երևանի պետական կոնսերվատորիայի, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի և Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղերը:
Գյումրի կատարած այցի շրջանակներում մաեստրոն նախ այցելեց հարազատ օջախ՝ ունկնդիր եղավ Կոնսերվատորիայի կամերային նվագախմբի ելույթին, որի ընթացքում հնչեց նաև դիրիժորի «Նոստալգիա» ստեղծագործությունը, որը ղեկավարելու պատիվը տրվեց մաեստրոյին:
«Մենք անչափ ուրախ ենք, որ կրկին մեզ հետ եք: Սա Ձեր օջախն է՝ իրական արվեստի օջախ, որտեղ վառ է և՛ Ձեր ոգին, և՛ արվեստի ոգին»,- ողջունելով հյուրին՝ նշեց ԵՊԿ Գյումրիի մասնաճյուղի ռեկտոր Հասմիկ Հարությունյանը՝ մաեստրոյին հանձնելով հուշանվեր՝ փամփուշտներից պատրաստված կոմիտասական հուշամեդալ:

«Այս հողում ծնվել են հայ մեծամեծ մարդիկ, հայ մշակույթի նշանավոր գործիչներ, և մեզ համար դա մեծ պատիվ է։ Ժամանակին մենք հասկացանք, որ մեր հայրենիքը մեր ձեռքով պետք է վերակառուցենք։ Այս սկզբունքով առաջնորդվեցի այդ տարիներին, երբ ձեռնարկեցի այս շենքի վերակառուցումը։ Հիշում եմ, այդ ժամանակ այս շենքը քարուքանդ վիճակում էր, խնդրեցի, որ շենքը ինձ նվիրեն։ Անթիվ մարդկանց դրամահավաքի, համատեղ ջանքերի արդյունքում քարուքանդ եղած շենքը վերակառուցվեց։ Եվ երբ գալիս եմ Գյումրի՝ արդեն հուզվում եմ, քանի որ սերն առանց հուզմունքի ու արցունքի չի լինում»,-նշեց մեծանուն կոմպոզիտորը՝ վստահեցնելով, որ տարիներ անց էլ զգում է ժողովրդի ջերմությունը:
«34 տարի է անցել այդ օրվանից: Ինձ պարզապես Աստված հովանավորեց ու օգնեց, ես մի գործիք էի՝ ջութակի նման՝ Աստված ու ժողովրդի սերն ինձ օգնեցին, որ ես անեմ այն, ինչ պետք է անեի: Որոշել եմ ավելի շատ Հայաստանում լինել, եթե տարիներ առաջ ես հրաժարվեցի, հիմա արդեն ուզում եմ Գյումրիում իմ անկյունն ունենալ»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ անկեղծացավ մաեստրոն:
Ավելի ուշ անվանի երաժիշտը ներկա գտնվեց նաև Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին: Նրա ջանքերով են ստեղծվել նաև Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու կամերային երգչախումբը, որոնք այսօր էլ շարունակում են լուսավորել քաղաքի մշակութային կյանքը։