Չինաստանը 10 տոկոս մաքսատուրք է սահմանել ԱՄՄՆ-ից նավթի եւ գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման համար, ինչպես նաեւ 15 տոկոս մաքսատուրք ածխի եւ հեղուկ բնական գազի (ՀԲԳ) համար: Այս մասին հայտնել է Չինաստանի Պետխորհրդին առընթեր սակագնային եւ դասակարգման կոմիտեն։ Այս որոշումն ընդունվել է ի պատասխան այսօր՝ փետրվարի 4-ին ուժի մեջ մտած չինական ապրանքների վրա 10 տոկոս մաքսատուրքի։
«ԱՄՆ մաքսատուրքերի միակողմանի սահմանումը լրջորեն խախտում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնները եւ ոչ միայն չի օգնում լուծել սեփական խնդիրները, այլեւ խաթարում է Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բնականոն տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը, նշվել է կոմիտեի մամուլի հաղորդագրությունում։ Փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայից, Կանադայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նա իր որոշումը բացատրել է անօրինական միգրացիայի եւ մաքսանենգության, այդ թվում՝ սինթետիկ ֆենտանիլ թմրանյութի դեմ պայքարով, որը գալիս է Չինաստանից։ Միեւնույն ժամանակ, Թրամփը ավելի ուշ համաձայնել է մեկ ամսով հետաձգել Մեքսիկայից եւ Կանադայից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը։ Չինաստանը հայտնել է Վաշինգտոնի գործողությունների առնչությամբ ԱՀԿ-ին հայց ներկայացնելու մտադրության մասին։ Չինաստանի ԱԳՆ-ն նշել է, որ երկիրը թմրանյութերի դեմ պայքարի գծով ամենախիստ քաղաքականություն վարողներից է, իսկ ֆենտանիլի տարածումը ԱՄՆ խնդիրն է։