Հոնկոնգում գրանցվել է ամենամեծ շահումը տեղի վիճակախաղերի պատմության մեջ

Հոնկոնգում հայտնի Mark Six վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ շահումն է գրանցվել ամանորյա խաղարկությունում, որը համընկնում է լուսնային օրացույցի Օձի տարվա հետ: Ինչպես տեղեկացրել է South China Morning Post թերթը, կիրակի ուշ երեկոյան շահողը տուն է տարել 193 762 620 հոնկոնգյան դոլար (մոտ 25 մլն ԱՄՆ դոլար):

Հոնկոնգի Ժոկեյ-ակումբի կազմակերպած վիճակախաղի կանոնների համաձայն՝ անհրաժեշտ է գուշակել 49 թվերից վեցը։ Շահող թվերն էին 14, 18, 30, 36, 40 եւ 42։ Դեռեւս չի նշվել, թե կոնկրետ ով է ստացել պատմական շահումը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է 12 տոմս (6 թվից 5-ի գուշակում). յուրաքանչյուր այդպիսի տոմս հաղթողին բերել է 1 215 620 հոնկոնգյան դոլար (ավելի քան 150 հազար ԱՄՆ դոլար)։

Մեկ տոմսը՝ մեկ խաղադրույքը, արժե 10 հոնկոնգյան դոլար (1,3 դոլար): Մարդիկ խմբվել էին տոմսեր ստանալու համար լուսնային Ամանորին ընդառաջ, ոմանք գնել են մինչեւ հարյուր եւ ավելի տոմս: Գնված տոմսերի ընդհանուր գումարը ավելի քան 380 մլն հոնկոնգյան դոլար է ապահովել, ինչը նույնպես ռեկորդային է։ Ըստ վիճակախաղի բաշխման մեխանիզմի՝ ընդհանուր խաղադրույքի 54 տոկոսը գնում է մրցանակային ֆոնդ, 25 տոկոսը՝ խաղադրույքների հարկի վճարմանը, 15 տոկոսը՝ բարեգործությանը, իսկ մնացած 6 տոկոսը պահվում է որպես միջնորդավճար Ժոկեյ-ակումբի համար:

ajax-loader