Պետությունն Ամուլսարի հանքի շահագործման համար կարող է վարկի երաշխիք տրամադրել

Հայաստանի կառավարությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նպատակով վարկի ներգրավման համար կարող է պետական երաշխիք տրամադրել, Ֆինանսների նախարարությունն այժմ ուսումնասիրում է հանքը շահագործող «Լիդիան Արմենիայի» տրամադրած փաստաթղթերի փաթեթը, որից հետո կկայացնի որոշումը:  Այդ մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

«Որպեսզի պետական երաշխիքի համար կամ բյուջետային վարկի համար որևէ մեկը դիմի, պետք է որոշակի փաստաթղթեր պատրաստի: Հիմա «Լիդիան»-ից մեր գործընկերներն այդ փաթեթը տրամադրել են: Եվ Ֆինանսների նախարարությունը հիմա ուսումնասիրում է այդ փաթեթը»,-ասաց նախարարը:

Նա հույս հայտնեց, որ ուսումնասիրությունը կարճ ժամկետում կավարտեն ու եզրակացություն կտան:

«Եվ, եթե դա լինի դրական, ապա պետությունը կտրամադրի այդ երաշխիքը»,-ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նախարարի՝ հանքի շահագործումը կարևոր դեր է խաղալու հաջորդ տարվա և ապագա տարիների տնտեսական աճի ցուցանիշներում: Կառավարությունն աճի իր կանխատեսումներն անելիս հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ հաջորդ տարվա կեսերից Ամուլսարի հանքն արդեն պետք է գործարկվի:

Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, որ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ)՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վարկավորման հայտը մերժելուց հետո քննարկումներ են ընթանում Հայաստանում գործող առևտրային բանկերի հետ։  

ajax-loader