Կյանք՝ տիեզերական վակուումում. ուսումնասիրություն

Մոլորակներն ամենևին էլ անհրաժեշտ չեն կյանքի գոյության համար, ինչպես պարզել են Հարվարդի և Էդինբուրգի համալսարանների գիտնականները։ Որոշ էկոհամակարգեր, ըստ գիտնականների, ի վիճակի են ինքնուրույն ձևավորել գոյատևման համար անհրաժեշտ պայմաններ նույնիսկ տիեզերական վակուումի ծայրահեղ պայմաններում։ Այդ մասին հայտնում է Universe Today պորտալը։

Մոլորակների այլընտրանք

Ավանդաբար, մոլորակները համարվում են կյանքի համար օպտիմալ միջավայր, քանի որ դրանք ապահովում են հեղուկ ջրի հասանելիություն, պաշտպանում են ճառագայթումից և պահպանում են հարմարավետ ջերմաստիճան: Այդուամենայնիվ, նոր հետազոտության հեղինակները ենթադրում են, որ այդ գործառույթները կարող են իրականացվել, այսպես կոչված՝ կենսաբանորեն առաջացած «կառույցների» կողմից: Նման կառույցները, որոնք ստեղծվում են հենց օրգանիզմների կողմից, կարող են իրենց վրա վերցնել մոլորակների դերը։

Օրինակ՝ որոշ միկրոօրգանիզմներ, ինչպիսիք են բակտերիաները և ջրիմուռները, կարող են իրենց համար պաշտպանիչ խոչընդոտներ ստեղծել: Այդ խոչընդոտները պահպանում են պահանջվող ճնշումն ու ջերմաստիճանը, ինչպես նաև մեկուսացնում են հեղուկ ջուրը շրջակա միջավայրից: Բացի այդ, նման օրգանիզմներն օգտագործում են օրգանական նյութեր՝ պաշտպանվելու ճառագայթումից և այլ անբարենպաստ գործոններից։

Կյանքը՝ բաց տիեզերքում

Գիտնականներ հաշվարկների համաձայն՝ նման կենսաբանական կառույցներ կարող են գոյություն ունենալ Արեգակից մեկից հինգ աստղագիտական ​​միավորի սահմաններում։ Այդ հեռավորությունը ներառում է Երկրի ուղեծրից մինչև Յուպիտերի ուղեծրի շրջանը։ Գիտնականները պնդում են, որ նման կենսաբանական կառույցները կարողանում են պահպանել ֆոտոսինթեզի համար հարմար ներքին պայմաններ, կարգավորել քիմիական գործընթացները և պաշտպանվել ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթումից։

Այս ամենը կարող է նշանակել, որ տիեզերքում էվոլյուցիան կարող է լիովին յուրահատուկ ձևեր ունենալ։ Նման էկոհամակարգերը, հավանաբար, տարբերվում են Երկրի վրա հայտնի ամեն ինչից:

Եթե ​​գիտնականների այս ենթադրությունը համապատասխանում է իրականությանը, ապա այն զգալիորեն կընդլայնի մեր պատկերացումները, թե որտեղ և ինչպես կարելի է կյանքի նշաններ փնտրել մեր մոլորակից այն կողմ: Այն նաև հետաքրքիր հարցեր է առաջացնում, թե ինչպիսին կարող են լինել տիեզերքում գտնվող բնակելի աշխարհները:

ajax-loader