Հոգևորականը ջիու-ջիտսուի իր հմտություններով վնասազերծել է եկեղեցի ներխուժած կողոպտչին

Երբ Գոհաբանության օրը կողոպտիչը ներխուժել է Կալիֆորնիայի եկեղեցի, բախվել է անսպասելի խոչընդոտի. քահանայի, որը տիրապետել է  մարտարվեստի և որոշել պաշտպանել իր աղոթքի տունը:

Քահանա Նիկ Նևեսը Անտիոքի First Family Church է եկել հինգշաբթի վաղ առավոտյան տագնապի ազդանշանի հնչելուն պես, CNN-ին է պատմել նա:

Գալով եկեղեցի՝ տեսել է, որ լուսամուտը կոտրված է, իսկ դուռը՝ վնասված։ Տղամարդը կացնով կոտրել էր եկեղեցու պատուհանը, որպեսզի ներս մտներ, ասվում է Անտիոքի ոստիկանության բաժանմունքի ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Երբ դռնով ներս մտա, հանցագործը դուրս եկավ մի բուռ մեր իրերով, ես կանգնեցրի նրան և ասացի, որ նա ձերբակալված է, որ ոստիկանությունը հիմա կգա, և նա պետք է կանգնի և սպասի նրանց, CNN-ին է պատմել Նևեսը, որը եկեղեցում աշխատում է 2005 թվականից:

«Դա նրան դուր չեկավ, – ասել է քահանան:- Նա փորձեց փախչել, ես կանգնեցրի նրան, և նա սկսեց կռվել ինձ հետ։ Եվ այսպես, մենք բավականին երկար կռվեցինք, մինչև ոստիկանությունը եկավ»։

Նևեսը CNN-ին ասել է, որ դպրոցական տարիքից զբաղվում է մարտարվեստներով, մասնավորապես՝ ջիու-ջիտսով: Բայց երբեք չէր մտածում, որ ստիպված կլինի օգտագործել իր հմտությունները իրական աշխարհում։

Քահանան կարողացել է մինչ ոստիկանների ժամանելը բռնել կողոպտիչին և ձերբակալել նրան։

Անտիոքի ոստիկանական բաժանմունքը չի նշել կասկածյալի անունը, սակայն CNN-ին հայտնել է, որ ուրբաթ օրվա դրությամբ, նա դեռ կալանքի տակ է, և վարչությունը մեղադրանք կներկայացնի:

Նևեսը պատմել է, որ կասկածյալը, ամենայն հավանականությամբ, մի քանի հազար դոլարի վնաս է պատճառել եկեղեցուն:

ajax-loader