Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատությամբ անդրադարձավ հանրային ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերին՝ կոչ անելով կանխել նման երևույթները։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր անձնական դիտարկումները և ընդգծեց համայնքային, տեսչական մարմինների և ոստիկանության անելիքները խնդրի լուծման գործում։
Վարչապետը նշեց, որ մի քանի անգամ սեփական աչքերով ականատես է եղել նորակառույց ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերին, երբ անհատներն առանց թույլտվության քանդում են ճանապարհի հատվածներ՝ իրենց անձնական կարիքները բավարարելու համար։
«Ճանապարհներն անցնում են նաև բնակելի թաղամասերով, ռեստորանների կամ տարբեր օբյեկտների դիմացով, և այդ ճանապարհի հանձնելուց հետո կարելի է գնալ և տեսնել ինչ-որ քանդած հատված։ Մարդիկ իրենց անձնական որոշմամբ քանդում են։ Կոնկրետ դեպքերով հետաքրքրվել եմ, թե արդյոք տրվե՞լ է թույլտվություն քանդելու կամ որևէ միջամտություն անելու համար և պարզել եմ, որ ոչ, որևէ թույլտվություն չկա։ Այդ ընկալումը կա, թե դա իմ դռան դեմի ճանապարհն է, հիմա ի՞նչ անենք, որ պետությունն այս ճանապարհի վրա մի 500 միլիոն դրամ կամ 1 միլիարդ դրամ է ծախսել, պետք է մի հատ հեռախոսի լար անցկացնենք, ոչինչ, կքանդենք մեկ մետր լայնությամբ, երկու մետր խորությամբ, հետո կծածկենք։ Պետությունը հետո կգա ու էլի ասֆալտ կանի։ Սա շատ լուրջ խնդիր է»,- ընդգծեց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ խնդրի լուծման գործում առաջին հերթին պետք է դերակատարում ունենան համայնքներն ու պարեկային ոստիկանությունը։ Վարչապետը ոստիկաններին հորդորեց չանտեսել նման դեպքերը, իսկ համայնքներին կոչ արեց վերահսկողություն իրականացնել իրենց տարածքներում։
«Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է։ Եթե նրանք տեսնում են, որ մարդիկ մայրուղի են քանդում, պետք է կանգնեցնեն նրանց և հարցնեն՝ արդյոք ունե՞ն թույլտվություն։ Եթե չունեն, աշխատանքը պետք է դադարեցվի, իսկ համայնքները կամ տեսչական մարմինները տեղյակ պետք է պահվեն»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանն օրինակ բերեց Ցամաքաբերդի ճանապարհի վերաբերյալ, որը 2018-ին հիմնանորոգվել է քաղաքացիների խնդրանքով։ Վարչապետը նշեց, որ մի քանի ամիս առաջ տեսել է, որ ճանապարհի հատվածը քանդվել է՝ առանց որևէ թույլտվության։
«Ժողովուրդ ջան, եթե պետք է հարցը բարձրացնել մեր առաջ, մենք արձագանքենք, հետո դուք սկսեք կտոր-կտոր քանդել, էլ ինչի՞ համար ենք սարքել, քանդված էր, կթողնեինք իր համար քանդված էլ կմնար»,- շեշտեց վարչապետը։
Վարչապետը նաև քննադատեց մայթերն և ճանապարհներն անձնական նպատակներով օգտագործելու դեպքերը, երբ մայթերին թափվում են ավազ, քար կամ բետոն։ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այսպիսի դեպքերը հանրային տարածքների նկատմամբ ապապետական վերաբերմունքի հետևանք են։
«Հանրային տարածքը չի կարելի ուղղակի վերցնել անձնական նպատակներով»,- եզրափակեց Փաշինյանը։