Երևանում գինու տոն է սպասվում։ Երեք օր՝ հունիսի 6-8-ը, մայրաքաղաքի կենտրոնում՝ Թումանյան, Մոսկովյան, Սարյան փողոցներում, անցկացվելու է «Երևանի գինու օրեր» փառատոնը։ Այն համախմբում է գինեգործներին, ռեստորաններին, գինու սիրահարներին։ Հրավիրված ասուլիսին փառատոնի կազմակերպիչ «ԷվենտՏուրա ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանը նշեց, որ այն արդեն 9-րդ անգամ է անցկացվում և արդեն դարձել է Հայաստանի այցեքարտը զբոսաշրջության ոլորտում։
«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ փառատոնը բավական մեծ հետաքրքրություն է վայելում ինչպես հայաստանցիների, այնպես էլ մեր երկիր եկած զբոսաշրջիկների շրջանում։ Նախորդ տարի մենք ունեցել ենք 120 հազար այցելություն, որից 30 տոկոսը զբոսշրջիկներ են եղել։ Ասեմ, որ շատ են դեպքերը, երբ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս հենց «Երևանի գինու օրեր» փառատոնին մասնակցելու համար։ Ամենաշատ զբոսաշրջիկներ ունենում ենք Ռուսաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, եվրոպական որոշ երկրներից։ Ասեմ, որ այս տարի բավական ակտիվ աշխատել ենք ֆրանսիական շուկայի վրա և ակնկալում ենք, որ հյուրեր կունենանք նաև այդ երկրից»,-ասաց Մերի Բադալյանը։
Տուրիզմի հայկական ֆեդերացիաի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ «Երևանի գինու օրեր» փառատոնը բավական սպասված իրադարձություն է։ Այն ունի տնտեսական, մշակութային, քաղաքական նշանակություն։ Այն պարզապես զբոսաշրջիկներ չի բերում Հայաստան, այլ շղթայական ռեակցիայով իր ազդեցությունն է թողնում տնտեսության այլ ճյուղերի վրա՝ հյուրանոցներ, հյուրատներ, տուրիստական ընկերություններ, այդ օրերին վաճառք իրականացնող ընկերություններ և այլն։
«Այս փառատոնը մրցունակ զբոսաշրջային արդյունք է իր յուրօրինակ գրավչությամբ։ Բազմիցս նշել եմ, որ այս փառատոնը և Արենի գինու փառատոնը էապես նպաստել են հայկական գինեգործության վերածննդին, ինչպես նաև հայկական գինու հանրահռչկամանը աշխարհում։ Պետք է անպայման կարևորել փառատոնի տնտեսական նշանակությունը։ Այն որպես կարևոր հարթակ իր շուրջն է համախմբում բազմաթիվ տնտեսվարողների, ինչը ևս կարևոր է»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։
Նախորդ տարի փառատոնի տնտեսական ազդեցությունը գերազանցել է 25 մլն ԱՄՆ դոլարը։ Գինեգործները վաճառել են շուրջ 42,000 շիշ գինի՝ սահմանելով նոր ռեկորդ։ Այս տարի սպասվում է ավելի քան 250 ընկերության մասնակցություն, որից շուրջ 100-ը հենց գինեգործներ են։ Նրանք ներկայացնելու են գինու բազմապիսի տեսականի։ Յուրաքանչյուր այցելու կկարողանա գտնել իր քիմքին, ճաշակին համապատասխան գինի։ Փառատոնին մասնակցում է Art Wine Party ընկերությունը, որի տաղավարում գինին համադրվելու է արվեստի հետ։
«Երկրորդ անգամ ենք մասնակցում այս փառատոնին և ունենալու ենք մեր ինքնատիպ տաղավարը։ Այցելուները գինու օրերի փառատոնից կարող են տանել ոչ միայն էմոցիաներ, վառ տպավորություններ, այլև նկարչական արտադրանք իրենց նախընտրած պատկերներով։ Տեղում մասնագետները մաստեր կլասներ կանցկացնեն ու այցելուներին կօգնեն նկարել շապիկների, գինու բաժակների, շշերի և այլ պարագաների վրա։ Ի դեպ, ասեմ, որ այդ օրերին ունենալու ենք պարֆյումի մաստեր կլաս ու օգտագործվելու է նաև գինի»,-ասաց Art Wine Party ընկերության հիմնադիր Մերի Գալստյանը։
Փառատոնին «Արտույտ» բրենդն էլ ներկայանալու է իր գունեղ, ինքնատիպ արտադրանքով։ «Արտույտ» բրենդի հիմնադիր Արևիկ Առաքելյանը նշեց, որ այցելուներն ի թիվս բազմաթիվ հուշանվերների, կկարողանան նաև ձեռք բերել աքսեսուարներ հայ նկարիչների ստեղծագործությունների թեմատիկայով։
«Փառատոնին հատուկ հատված լինելու է հուշանվերների համար։ Մենք ներկայացնելու ենք շարֆեր, շապիկներ, մազակալներ։ Ընտրության լայն հնարավորություն է լինելու։ Շատ ուրախ ենք այս համագործակցության համար, այն իրապես կարևոր հարթակ է տարբեր ընկերությունների, գործարարների համար»,-ասաց Արևիկ Առաքելյանը։
Փառատոնն ուղեկցվելու է համերգային ծրագրով։ Այս տարվա փառատոնի թեման Երևանն է, իսկ դա նշանակում է, որ հնչող երգերն ու երաժշտական կատարումները լինելու են Երևանին նվիրված։
Փառատոնի մուտքն ազատ է, սակայն գինիները համտեսելու և փառատոնի տարածքում անցկացվող խաղարկություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ «Գինին վայելելու փաթեթ»։