Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել, հաղորդում է Ռուսաստանի Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը:
«Հոկտեմբերի 24-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 6:57-ին, 3869 (S16E76) արևային բծերի խմբի ռենտգենյան ճառագայթների տիրույթում 44 րոպե տևողությամբ X3.3 բռնկում է գրանցվել»,- ասվում է ինստիտուտի տարածած հաղորդագրությունում։
Ինստիտուտը չի տեղեկացնում, թե արդյոք բռնկումն ուղեկցվել է պլազմայի արտանետմամբ և արդյոք այն կառաջացնի մագնիսական փոթորիկ։
Նախորդ անգամ Արեգակի վրա X դասի բռնկում գրանցվել էր հոկտեմբերի 9-ին։ Բռնկման հետևանքով արեգակնային պլազմայի մեծ արտանետում էր տեղի ունեցել, ինչը մագնիսական փոթորիկ էր առաջացրել։
Հոկտեմբերի 10-ին արդեն Երկիր մոլորակ էին հասել արեգակնային նյութի ամենախիտ միջուկները՝ առաջացնելով բևեռափայլեր։ Այնուհետև սկսվել էր ամենաբարձր՝ հինգերորդ մակարդակի մագնիսական փոթորիկ: Հաջորդ օրը դրա հզորությունը նվազել էր մինչև չորրորդ մակարդակ։