Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը, որը պաշտոնապես կոչվում է Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակ, շնորհվել է ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից Տարոն Աճեմօղլուին, Սայմոն Ջոնսոնին և Չիկագոյի համալսարանից Ջեյմս Ա. Ռոբինսոնին՝ «ինստիտուտների ձևավորման և բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունների համար»։
Այդ մասին վկայակոչում է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը։
Նշվում է, որ տնտեսագետներն օգնել են հասկանալ տարբեր ազգերի միջև բարգավաճման տարբերությունները և ցույց են տվել հասարակական ինստիտուտների կարևորությունը երկրի բարգավաճման համար:
«Օրենքի գերակայություն վատ փորձ ունեցող հասարակությունները և բնակչությանը շահագործող ինստիտուտները չեն հանգեցնում աճի կամ փոփոխության դեպի լավը: Դափնեկիրների հետազոտությունն օգնում է մեզ հասկանալ, թե ինչու», – գրված է հաղորդագրության մեջ։
Գիտնականներն իրենց հետազոտության մեջ բացատրում են, թե ինչու նախկին գաղութները, որ ժամանակին հարուստ էին, հիմա աղքատ են դարձել և հակառակը։
Տարոն Աճեմօղլուն հայկական ծագմամբ ամերիկացի տնտեսագետ է, որը ծնվել է 1967 թվականին Թուրքիայում։
Նոբելյան շաբաթվա շրջանակներում հոկտեմբերի 11-ին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական «Նիհոն Հիդանկյո» կազմակերպությանը՝ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու գործում ցուցաբերած ջանքերի համար:
Հոկտեմբերի 10-ին Գրականության Նոբելյան մրցանակ է շնորհվել հարավկորեացի հեղինակ Հան Կանին՝ «նրա բուռն բանաստեղծական արձակի համար, որը դիմակայում է պատմական ցնցումներին և ցույց տալիս մարդկային կյանքի փխրունությունը»:
Հոկտեմբերի 9-ին հայտարարել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրների անունները։ Մրցանակը կիսել են Դեյվիդ Բեյքերը՝ Սիեթլի Վաշինգտոնի համալսարանից, «սպիտակուցի հաշվողական նախագծման համար», ինչպես նաև Դեմիս Հասաբիսը և Ջոն Մ. Ջամփերը՝ Google Deep Mind ընկերությունից, «սպիտակուցի կառուցվածքի կանխատեսման համար»։
Հոկտեմբերի 8-ին հայտարարվել են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները։ Մրցանակը շնորհվել է Ջոն Հոփֆիլդին և Ջեֆրի Հինթոնին՝ «արհեստական նեյրոնային ցանցերի օգտագործմամբ մեքենայական ուսուցման հիմքում ընկած հիմնարար հայտնագործությունների և գյուտերի համար»։
Իսկ հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտը ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել է գիտնականներ Վիկտոր Ամբրոսին և Գերի Ռուվկունին՝ միկրոՌՆԹ-ների մոլեկուլների հայտնաբերման համար, որոնք կարգավորում են գենի գործողությունը։