Հազարավոր փեյջերներ միաժամանակ պայթել են Լիբանանի տարբեր շրջաններում

Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հեննիս-Պլասխերտը Լիբանանում փեյջերների պայթյուններն անվանել է «ծայրահեղ մտահոգիչ էսկալացում»: Այս մասին նշված է սեպտեմբերի 17-ին պայթյուններից հետո նրա տարածած հայտարարության մեջ։

«Այսօրվա զարգացումներն արձանագրում են ծայրահեղ մտահոգիչ էսկալացում առանց այն էլ անընդունելիորեն անկայուն միջավայրում», – նշված է հայտարարության մեջ:

Հեննիս-Պլասխերտը դատապարտել է հարձակումը և հիշեցրել, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ «քաղաքացիները թիրախ չեն և պետք է միշտ պաշտպանված լինեն»։

«Նույնիսկ մեկ քաղաքացիական զոհը չափազանց շատ է», – ասվում է Հեննիս-Պլասխերտի հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի հատուկ համակարգողը նաև կոչ է արել «բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ ցանկացած հետագա գործողություններից կամ ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է հրահրել ավելի մեծ բռնկում, որը ոչ ոք չի կարող իրեն թույլ չի տալ»:

Սեպտեմբերի 17-ին լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման անդամների կողմից տվյալների փոխանցման համար օգտագործվող հազարավոր փեյջերները միաժամանակ պայթել էին Լիբանանի տարբեր շրջաններում: Ըստ աղբյուրների՝ սա եղել է Իսրայելի կողմից կազմակերպված կիբեռհարձակում, որի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, գրեթե 3000 մարդ վիրավորվել է։

ajax-loader