Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները Երևանում կստորագրեն Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի աշխատանքը կարգավորող նոր համաձայնագիր: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստին։
Սկզբնական համաձայնագիրը, որով համալսարանը շարունակում է գործել, ստորագրվել է 1997 թ. օգոստոսին և լրամշակվել 2003 թվականին:
Նշվում է, որ նոր համաձայնագրում հստակեցվում են համալսարանի կառավարման սկզբունքները։ Մասնավորապես` ռեկտորը կընտրվի համալսարանի կառավարման խորհրդի կողմից։ Երկու երկրների կրթության նախարարությունները նրան չեն նշանակի, այլ կդիտարկեն թեկնածուներին և առարկությունների բացակայության դեպքում կհաստատեն ռեկտորի թեկնածությունը մինչև 5 տարի ժամկետով: Նույն անձը 2 ժամկետ անընդմեջ չի կարող զբաղեցնել ռեկտորի պաշտոնը:
Բացի այդ, ավելի հստակ ամրագրվում է, որ ռուսական և հայկական կողմերը կկարողանան հավասար հիմունքներով համալսարանի համար առաջարկել ուսումնական ծրագրեր, ինչպես նաև առաջարկել ֆինանսավորում պետպատվերով ուսուցման համար: