Պապոյանը Շիրակի մարզում ծանոթացել է կրծողների դեմ պայքարի միջոցառումներին

Օգոստոսի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Շիրակի մարզ։ Այս մասին փոխանցում են նախարարությունից։

Նախարարին ուղեկցել են նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ու Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Շիրակի մարզում գյուղատնտեսական նշանակության հողերում մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներին և վերջիններիս կողմից դաշտերին հասցված վնասներին, ինչպես նաև կարկուտի հետևանքներին։

Նախարարը ծանոթանալով խնդիրներին՝ նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է մեծացնել մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումների ծավալն ու շրջանակը և ավելացրել, որ առաջիկայում նախատեսվող միջոցառումները կիրականացվեն ինչպես գյուղատնտեսական նշանակության հողերում, այնպես էլ մշակաբույսերին հարակից տարածքներում։

«Մենք միշտ պետք է գյուղացու կողքին լինենք։ Նրանք պարտավոր չեն իմանալ պայքարի ձևերը․ մենք պետք է ցույց տանք, աջակցենք»,-նշել է Գևորգ Պապոյանը։

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերին՝ նախարարը կարևորել է մարզպետարանի և համայնքապետարանի միջոցով ևս իրազեկման աշխատանքների ակտիվացումը, որպեսզի գյուղացիները լինեն տեղեկացված և կարողանան օգտվել դրանցից։

Նախարարության կողմից յուրաքանչյուր տարի հանրապետության բոլոր մարզերում մկնանման կրծողների հայտնաբերման նպատակով իրականացվում է մշտադիտարկում և միջին ու բարձր վարակվածություն ունեցող հողատեսքերում պայքարի միջոցառումների իրականացման նպատակով մարզերին անհատույց հատկացվում է մկնասպան թունանյութ։

ajax-loader