Հայաստանում ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի հանրապետության ջրային ոլորտի զարգացման ռազմավարության մշակմամբ: Աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, միջգերատեսչական աշխատանքային խումբը կզբաղվի ջրային ոլորտում վերջին տարիներին արձանագրված խնդիրների ուսումնասիրությամբ: Խումբը կգլխավորի տվյալ ոլորտը վերահսկող փոխվարչապետը։ Խմբի կազմում ընդգրկված են նախարարներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Ջրային կոմիտեի ղեկավարներ, Երևանի քաղաքապետը:
Աշխատանքային խմբի համակարգողը Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալն է, որը համակարգում է համապատասխան ոլորտը: Նա երեք ամիսը մեկ պետք է վարչապետի աշխատակազմ ներկայացնի տեղեկատվություն տվյալ խմբի աշխատանքի ընթացքի մասին։