ՏՏ ծառայությունների արտահանումը նվազում է

2024 թ-ի 2-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի գնահատականից (5%-ի շրջակայքում) բարձր մակարդակում՝ հունվար-հունիսին կազմելով տ/տ 10.4%, իսկ միայն հունիսին՝ 7.1%: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկից:

ԿԲ հաղորդագրությանմեջ նաեւ ասված է. «Աճին շարունակել են մեծ նպաստում ունենալ առևտրի և շինարարության ճյուղերը: Միաժամանակ, տնտեսական աճը տարվա սկզբի համեմատությամբ որոշակիորեն ավելի հավասարաչափ է բաշխվել տնտեսության ճյուղերի մեջ: Ներուժային մակարդակից բարձր, ինչպես նաև դեռևս որոշակիորեն կենտրոնացված տնտեսական աճը անորոշություններ է պարունակում տնտեսությունում համախառն առաջարկի և պահանջարկի հարաբերական դիրքի վերաբերյալ:

2023 թ-ի ընթացքում արձանագրված արտաքին պահանջարկի զգալի աճը 2024 թ-ին աստիճանաբար թուլանում է, ինչն արտահայտվում է մեկ զբոսաշրջիկի հաշվով իրական ծախսերի նվազմամբ և զբոսաշրջային հոսքերի կայունացմամբ:

Համաշխարհային պահանջարկի թուլացման ֆոնին վերջին ամիսների ընթացքում ՏՏ ծառայությունների արտահանումը և թողարկումը շարունակել են նվազել։ Մյուս կողմից, «ավանդական» ապրանքատեսակների արտահանումը, այդ թվում՝ կոնյակ, ծխախոտ, հանքային ջուր, և այլն, շարունակում է պահպանվել կայուն մակարդակներում։

Միաժամանակ, ներքին պահանջարկի պայմանների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Մի կողմից՝ մանրածախ առևտրի, սպառողական վարկերի, ներքին տուրիզմի և ծառայությունների բարձր աճը վկայում է ուժեղ ներքին պահանջարկի մասին: Այս համատեքստում, սպառողական վարկերի տոկոսադրույքները պահպանվում են համեմատաբար բարձր մակարդակում՝ արտահայտելով վերջինիս նկատմամբ բարձր պահանջարկը:

Մյուս կողմից՝ առկա են որոշակի գործոններ, որոնք կարող են վկայել տնտեսությունում համեմատաբար թույլ ներքին պահանջարկի պայմանների վերաբերյալ։ Վերոնշյալ գործոնների թվում են՝ դեռևս որոշակիորեն կենտրոնացված տնտեսական աճը, դրամական փոխանցումների շարունակական նվազումը, աշխատաշուկայի պայմանների որոշակի թուլացումը և ընդհանուր թույլ գնաճային միջավայրը:

Անորոշություններ կան նաև ներքին պահանջարկի հեռանկարի տեսնակյունից՝ մի կողմից կապված նախորդ տարիներին մասնավոր հատվածում եկամուտների համեմատությամբ պարտքի բեռի նվազման, կուտակված խնայողությունների օգտագործման ուղղությունների, մյուս կողմից՝ բիզնես վարկավորման համեմատաբար խիստ պայմանների առկայության հետ:

Այս իրավիճակում խնայողությունների օգտագործման ուղղությունից և վարկավորման զարգացումներից կախված՝ համախառն առաջարկի և պահանջարկի վրա ազդեցությունը կարող է տարբեր լինել: Հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը ևս մնում են առարկայական: Վերջինս հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների ծրագրի թերակատարման ռիսկերով և սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ՝ ընթացիկ ծախսերի ավելացման հանգամանքով:

ajax-loader