Վրաստանում միայն երկու քաղաքական գործիչներին են դրական վերաբերվում

Երկրի բոլոր քաղաքական գործիչների մեջ Վրաստանի քաղաքացիները ավելի շուտ դրական, քան թե բացասական են վերաբերվում միայն երկու հոգու՝ գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և նրա նախորդ Գիորգի Մարգվելաշվիլիին։ Դրա մասին են վկայում վրացական «Ֆորմուլա» հեռուստաալիքի պատվերով Edison Research-ի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները։

Ըստ Վրաստանի 1000 քաղաքացիների շրջանում հուլիսի 11-24-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցման՝ հարցվածների 63%-ը համակրում է Զուրաբիշվիլին և Մարգվելաշվիլին։ Վարկանիշում հաջորդում են նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան, որին դրական է վերաբերվում 48%-ը և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Թինաթին Բոկուչավան, որին համակրում է հարցվածների 41%-ը։ Հարցվածների 38%-ը դրական է վերաբերվում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչներից ամենաբարձր վարկանիշը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեինն է, որին համակրում է հարցվածների 40%-ը, «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին՝ 37% ը, 2012 թվականից իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին՝ 36%-ը, վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ քաղաքացիների 35%-ը։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։

ajax-loader