Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է լրացուցիչ 200 հատ Էլեկտրոնային հսկողության սարքեր գնել:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Պրոբացիայի մասին» օրենքով դատական ակտի հիման վրա այլընտրանքային խափանման միջոցների կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ:
2023 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարության և «Enigma information protection sistems» ընկերության միջև կնքված մատակարարման պայմանագրով նախատեսվել է ձեռք բերել 1000 հատ էլեկտրոնային հսկողության սարք՝ 650 ներտնային վերահսկման սարք՝ նախատեսված տնային կալանք խափանման միջոցի, և 350 էլեկտրոնային հսկողության շղթա՝ վարչական հսկողություն խափանման միջոցի համար։
Հաշվի առնելով այլընտրանքային խափանման միջոց կիրառելու դատական ակտերի օրեցօր աճող դինամիկան (532 տնային կալանք և 373 վարչական հսկողություն), ակնհայտ է, որ մինչ օրս ձեռքբերված վարչական հսկողության սարքերը կբավարարեն մոտ երկու ամիս, քանի որ գործնականում շատ են դեպքերը, երբ տնային կալանքը փոխարինվում է վարչական վերահսկողություն խափանման միջոցով, ինչի պարագայում դատական ակտով սահմանված այլընտրանքային խափանման միջոցների կատարումն այլևս անհնարին կդառնա։
Ուստի, անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ գնման պայմանագրի 2-րդ հավելվածով սահմանված մատակարարման ժամանակացույցի 2-րդ չափաբաժնի ընդհանուր քանակն ավելացնել 200 հատով: