Գեղարքունիքի մարզպետը գերմանական կողմի հետ քննարկել է Գավառում և Մարտունիում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագիրը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) կազմակերպության EU4Sevan ծրագրի ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել է Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագրերը։ 

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, «EU4Sevan» ծրագրի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ծրագրի շրջանակներում առաջիկայում ավարտին կհասցվեն Գավառ քաղաքի Բարեկամության- 42 բազմաբնակարան և Նորատուս բնակավայրի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների շենքերի կոյուղաջրերի մաքրման համար սեպտիկ հորերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքները։ 

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի և Կարմիրգյուղ բնակավայրի որոշ հատվածների կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ընտրությունից և չափագրումից հետո կմեկնարկի նաև դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը։ 

Հանդիպման ավարտից հետո կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ այցելելու Հացառատ թաղամաս և Կարմիրգյուղ բնակավայր ու տեղում իրականացնելու դիտարկումներ՝ մաքրման կայանների կառուցման նպատակով հողատարածք ընտրելու համար։

Դիտարկումներն արդեն իրականացվել են, իսկ հողատարածքների ընտրության հարցն առայժմ գտնվում է քննարկման փուլում։ 

ajax-loader