Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից hանրապետության 4 մարզերում կառուցապատման համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով:
Այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից՝ մանրամասնելով, որ մասնավորապես՝ Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կառուցապատում իրականացնելիս` համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերը ստանալու համար անհրաժեշտ է լինելու էլեկտրոնային դիմում ներկայացնել urban.e-gov.am հարթակի միջոցով։
Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Դավիթ Դալլաքյանի խոսքով՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2025 թվականից ամբողջ հանրապետության տարածքում քաղաքաշինական թույլտվությունները տրամադրվելու են էլեկտրոնային համակարգի միջոցով։
«Կառավարության համապատասխան որոշումների համաձայն՝ 2024 թվականի օգոստոսի 1-ից ՀՀ չորս մարզերի բոլոր 35 համայնքներն անցնելու են էլեկտրոնային համակարգի։ Այն միտված է քաղաքաշինական գործունեության, թույլտվությունների տրամադրման գործընթացը դյուրինացնելուն։ Համակարգը հնարավորություն է տալիս ընթացակարգերը քաղաքաշինական գործունեության սուբյեկտների միջև հեշտացնելու, էլեկտրոնային եղանակով կարճ ժամկետներում համակարգված իրականացնելու համար, ինչպես նաև կատարել միաժամանակյա համաձայնեցումներ մի քանի գերատեսչությունների, մարմինների ու կազմակերպությունների միջև։ Բացի այդ՝ ապահովում է թափանցիկություն և գործառույթի մշտադիտարկում»,-պարզաբանեց Դալլաքյանը՝ հավելելով, որ
դիմումատուներն այլևս անհրաժեշտություն չեն ունենալու համապատասխան համայնքապետարաններ, մարզպետարաններ մոտենալու։
Էլեկտրոնային համակարգով նրանք ցանկացած վայրից հնարավորություն կունենան դիմումներ տալ, ստանալ պատասխաններ, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթեր։
Դալլաքյանը պարզաբանեց, որ համայնքի ղեկավարի կողմից քաղաքաշինական փաստաթուղթը ստորագրելուց հետո ծրագիրն ինքնաշխատ կերպով ծանուցում կուղարկի կառուցապատողի էլեկտրոնային փոստին։
Քաղաքաշինական փաստաթղթի վրա, որը ստորագրել է համայնքի ղեկավարը, արտացոլված է լինելու QR-կոդ, որը հնարավորություն է տալու այն սկանավորելու միջոցով հավաստիանալ այդ փաստաթղթի իսկության մեջ։
Մասնակիցները, այդ թվում՝ դիմումատուները, ինչպես նաև ճարտարապետները և այլ լիցենզավորված կազմակերպություններ, որոնք գործառույթ են իրականացնում քաղաքաշինական գործընթացներում, պետք է ունենան ID կամ բջջային նույնականացման քարտեր համակարգ մուտք գործելու համար, որից հետո անձնագրի, վկայականի պատճեններ կցելու անհրաժեշտություն չի պահանջվի․ ծրագիրն ինքնաշխատ կերպով անձի տվյալները կներբեռնի համակարգ։
Դիմում տալու պարագայում տվյալ անձի ամբողջ գույքը Կադաստրի կոմիտեի շտեմարանից ներբեռնվելու է համակարգ և սեփականատերն ընտրելու է, թե ո՞ր գույքի վրա է ցանկանում կառուցապատում իրականացնել՝ այնուհետև համապատասխան ընթացակարգով շարունակելով լրացնել։
Կոմիտեի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդականը տեղեկացրեց, որ համակարգին ինտեգրված են նաև մատակարար կազմակերպությունները և կապի օպերատորները, որոնց նույնպես համայնքները հնարավորություն կունենան իրենց հարցումներ ուղղել և ստանալ տեխնիկական պայմանների մասին տեղեկություններ, իսկ մատակարար կազմակերպություններին և կապի օպերատորներին հնարավորություն է տրված իրենց ենթակառուցվածքների անվտանգության գոտիների մասին հայտնել համայնքներին։
«Քաղաքաշինության կոմիտեն հստակ գիտակցում է քաղաքաշինական գործառույթների բազմազանությունը և դրանց բազմաճյուղ լինելը, այդ թվում՝ համակարգին տրված է այդ հարմարությունը հետագայում այն ավելի արդիական դարձնելու համար»,-հավաստիացրեց Դալլաքյանը։
Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը նշեց, որ համակարգում առանձնացված են նախագծման, շինարարության, քանդման թույլտվությունների, ավարտական ակտի (շահագործման թույլտվություն), ինչպես նաև թույլտվության երկարաձգման և մի շարք այլ գործառույթների համար դիմելու դաշտեր։
Քաղաքացիները, կազմակերպությունները կամ նրանց կողմից լիազորված անձինք կարող են էլեկտրոնային համակարգում հետևել իրենց դիմումի ընթացքին։ Գործընթացի բոլոր մասնակիցների՝ պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մատակարար և այլ կազմակերպությունների աշխատանքը կլինի թափանցիկ ու վերահսկելի։ Թույլտվության տրամադրման հետագիծը կպահպանվի համակարգում։
Քաղաքաշինական թույլտվությունների թվայնացման գործընթացը պիլոտային ծրագրով մեկնարկել էր 2022 թվականի հունվարի 1-ից՝ Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի՝ Վաղարշապատ, Արարատի՝ Մասիս և Լոռու Վանաձոր համայնքներում e-permits.am համակարգի գործարկմամբ։