Այնպես ենք անում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից ընդհանրապես փոշի դուրս չգա․ Վարդան Ջհանյան

Հանքարդյունաբերության ոլորտը կարևորագույններից է հանրապետությունում, այն ունի հզոր ներուժ, որը պետք է օգտագործել։ Այդ մասին Քաջարանի բացահանքում՝ Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված միջոցառմանը, հայտարարեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։

«Հանքագործների և մետալուրգների օրը տոն է ոչ միայն մեր բնագավառի աշխատակիցների, այլև ամբողջ հասարակության համար։ Հանքարդյունաբերությամբ մենք ապահովում ենք պետության տնտեսական աճը և կարող ենք ունենալ ավելի զարգացած Հայաստան»,- ասաց նա։

Վարդան Ջհանյանը նշեց՝ անկում չեն գրանցել, ավելին, սպասում են, որ անցած տարվա համեմատ արտադրանքի և գնային աճ կարձանագրեն մինչև տարեվերջ։

«Այս տարի մոլիբբդենի և պղնձի համաշխարհային շուկաներում աշխուժություն է նկատվում, և գների աճ կա։ Դա բարենպաստ ազդեցություն կունենա մեր աշխատանքում»,- նկատեց Ջհանյանը։

Նա ևս մեկ անգամ ողջունեց հանքարդյունաբերության մասին պետության ընդունած ռազմավարությունը և հույս հայտնեց, որ կառավարությունը շատ ավելի ակտիվ կլինի ոլորտը զարգացնելու հեռանկարների հարցում։

«Գործակցում ենք կառավարության հետ։ Համատեղ աշխատանքով եղած ներուժն օգտագործում ենք երկրի տնտեսական աճը խթանելու ուղղությամբ»,- ասաց Վարդան Ջհանյանը։

Անդրադառնալով բնապահպանական հարցերին, նա նշեց, որ ԶՊՄԿ-ն օգտագործում է հանքավայրերում փոշին չեզոքացնող ջրային հրանոթներ։

«Այնպես ենք անում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից ընդհանրապես փոշի դուրս չգա, այդ նպատակով ջրային թնդանոթներն ենք գործածում։ Ավելացնելու ենք քանակը և Քաջարանի բացահանքերում վերացնենք փոշին՝ տարածաշրջանում լավագույն փորձը ներդնելով մեր կոմբինատում»,- պարզաբանեց Ջհանյանը։

Նա նկատեց, որ մեր բնակչությունն այնքան էլ տեղեկացված չէ հանքարդյունաբերության մասին, մինչդեռ անհրաժեշտ է ավելի հանգամանորեն ներկայացնել գործունեությունը։ Ժամանակակից գաջեթներից մինչև էլէկտրական մեքենաների արտադրության համար պղինձ, մոլիբդեն է օգտագործվում, ուստի, ըստ Վարդան Ջհանյանի, լիարժեք պատկերացումը զերծ կպահի անհիմն ենթադրություններից և չճշտված տվյալների հիման վրա կարծիք կազմելուց։

ajax-loader