Կապանի ԼՀԿ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի գործընկերներ, Կապանի և Լիճքվազի լեռնահանքային համալիրների սիրելի աշխատողներ, ընդերքի ու մետալուրգիայի ոլորտի վաստակաշատ մասնագետներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ։
Լեռնահանքային ոլորտում Հայաստանում աշխատում է ավելի քան 10000 մարդ, այստեղ են մեր պետության խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունները, որոնց աշխատանքը կենսական դերակատարում ունի ՀՀ յուրաքանաչյուր քաղաքացու բարեկեցության, երկրի տնտեսական զարգացման և պաշտպանունակության ապահովման գործում։ Դա է պատճառը, որ այս տոնն իրենցն են համարում ոչ միայն լեռնահանքային համալիրների և մետալուրգիական ձեռնարկությունների աշխատողները, այլև գիտակակրթական, նախագծային և հետազոտական կազմակերպությունների սովորողներ և աշխատողներ, հարակից ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Արտադրական մշակույթի՝ տասնամյակներով հղկված ամուր ավանդույթների և գիտական-տեխնոլոգիական նորարարության շարունակական համադրումն այս ոլորտում զարգացման և առաջընթացի հիմնական բանաձևն է։ Այսօր Կապանի լեռնահարստացման կոմբինատի հանքային տեխնիկայի նորացման, հարստացուցիչ ֆաբրիկայի նախագծային հզորությունների վերականգնման և մոդերնիզացման, Լիճքվազի լեռնահանքային համալիրում հանքաքարի վերամշակման նոր հզորությունների ստեղծման աշխատանքներին լայնորեն ներգրավված են Հայաստանի առաջատար գիտական-նախագծային կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։ «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի պաշարների վերագնահատման աշխատանքները շուտով ավարտին կհասցնի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Մտադիր ենք առաջիկայում համագործակցության հուշագիր կնքել Երևանի պետական համալսարանի հետ՝ ի թիվս համագործակցության այլ ճակատների՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ սերտ աշխատանքը համարելով երկարաժամկետ հեռանկարում մեր ձեռնարկությունների կադրային ապահովման կարևոր գրավական։
Հարգելի գործընկերներ, Կապանի և Լիճքվազի լեռնահանքային համալիրների սիրելի աշխատողներ, ընդերքի ու մետալուրգիայի ոլորտի վաստակաշատ մասնագետներ, այս առիթն օգտագործելով ձեզ շնորհակալություն եմ հայտնում բարեխիղճ աշխատանքի, մեր ընդհանուր նպատակներին հասնելուն ուղղված անձնվեր ջանքի համար. մաղթում եմ Ձեզ և ձեր հարազատներին ամուր առողջություն, կատարած գործից, գրանցած արդյունքներից բավարարվածության բերկրանք և անսահման երջանկություն»։