Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպին, երբ ինչ-որ մեկը նյութ է լցրել ծառերի տակ։
Նրա խոսքով, մարդիկ պետք է իրազեկված լինեն, որ նման արարքները ենթադրում են քրեական պատասխանատվություն.
«Եթե խոսքը գնում է այն ծառատեսակներին վնաս տալու մասին, որ Մաշտոցի պողոտան են գեղեցկացնում, ամենավատ հանցագործություններից մեկն է, որ կարող է մարդու մտքով անցնել։ Երևանցիներին կոչ եմ անում՝ նման դեպքերում դիմել մեզ, դիմել ոստիկանություն»։
Ավինյանն անդրադարձել է նաև հետագա ծրագրեին՝ հանձնարարելով սեպտեմբերին ներկայացնել աշնանը կատարելիք ծրագրերը.
«Եկեք ներկայացնենք՝ ինչ ենք պլանավորում անել, այդ պլանավորածը որոշակի մեկնաբանություններով, առաջարկներով վերանայենք, դիտարկենք՝ մի տեղ միգուցե մենք ենք սխալ, մի տեղ միգուցե ավելի շատ է պետք խոսել թեմայի վերաբերյալ, որ բացատրենք, թե ինչ ենք անում, որովհետև կոմունիկացիայի տեսանկյունից նախորդիվ ունեցել ենք խնդիր, որ մարդիկ լավ իրազեկված չեն եղել»։