Շրջապատվե՛ք մարդկանցով, որոնք հավատում են ձեր երազանքին այնպես, ինչպես դուք. ԲՏԱ նախարարը ողջունել է շրջանավարտներին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 20-ին մասնակցել է Հայ-ռուսական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությանը։

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է շրջանավարտներին նշանակալի իրադարձության կապակցությամբ, բարի երթ մաղթել, նաև նշել, որ դեպի մեծ կյանք ճանապարհորդության ընթացքում նրանք բազմաթիվ խոչընդոտների ու մարտահրավերների կարող են հանդիպել, որոնց պետք է պատրաստ լինել դիմագրավելու։

 «Կլինեն պահեր, երբ ճանապարհը զառիթափ կթվա, իսկ նպատակը՝ շատ հեռու: Շատերը կարող են կասկածել ու շշնջալ ձեր ականջին, թե ձեր երազանքներն անիրագործելի են, հարկավոր է քչով բավարարվել: Այդ շշուկները կարող են հնչել անծանոթներից, ծանոթներից կամ նույնիսկ՝ ամենամտերիմներից: Բայց հիշե՛ք, որ նրանք չեն գծում ձեր սահմանները, այլ դուք:

Շրջապատվե՛ք ձեզ խրախուսող մարդկանցով, որոնք հավատում են ձեր երազանքին նույն նվիրումով, ինչպես՝ դուք: Նրանք կոգևորեն ձեզ դժվար պահերին, կփոխանցեն իրենց ուժը, երբ ձերը չբավարարի: Թույլ տվեք նրանց լինել ձեր կողքին, մարդկանց, որոնք տեսնում են ձեր ներուժը և աջակցում ձեր իղձերին։

Որպես համալսարանի համասեփականատեր և համահիմնադիր հանդիսացող ՀՀ կառավարության անդամ՝  կարևոր եմ  համարում ՀՌՀ դերը՝ ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու գործում համալսարանի երեք՝ Ինժեներաֆիզիկական, Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտների կարևորությունը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը` դիմելով շրջանավարտներին։

Շրջանավարտներին ողջունել և բարի երթ են մաղթել նաև համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը, դասախոսներն ու շրջանավարտների ծնողները։

1997 թվականից ի վեր Հայաստանում գործունեություն ծավալած Հայ-ռուսական համալսարանն իր 8 ինստիտուտներով՝ Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, Ինժեներաֆիզիկական, Կենսաբժշկություն և դեղագործության, Էկոնոմիկայի և բիզնեսի, Իրավունքի և քաղաքականության, Հումանիտար գիտությունների, Մեդիայի, գովազդի և կինոյի, Արևելագիտության, մասնագետների բազմաթիվ սերունդներ է կրթել։

Հատկանշական է, որ համալսարանին կից գործում է հրատարակչություն, որտեղ հրատարակվում է ուսումնական գրականություն, հայ և ռուս դասականների գործեր։

ajax-loader