«Վեոլիա Ջուրը» լավ չի սպասարկում, քննարկվում է ընկերության հետ պայմանագրի վերանայումը. Կամո Արեյան

Ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում Երևանում կառուցվել է մոտ 28 կմ հեղեղատար և որ այդ հեղեղատար համակարգը պետք է հանձնվի «Վեոլիա Ջուր» ընկերությանը, բայց գործընթացը դանդաղում է։ Այդ մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանի քաղաքապետտարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Մենք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ քննարկել ենք հարցը, ընկերությունը պետք է ուժեղացնի սպասարկումը, լավ չի սպասարկում, մաքրման հաճախականությունը պետք  է մեծանա»,- ասաց Արեյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց. «լավ կլիներ՝ այսօր լսեինք «Վեոլիա Ջրի» զեկույցը, բայց, ինչպես հասկանում ենք, չենք լսելու»:

Ավինյանը հանձնարարեց փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին մյուս տարվա գնումների մեջ նախատեսել հատուկ տեխնիկա, որ «Վեոլիա Ջուր» ընկերության թերացման դեպքում քաղաքապետարանը կարողանա կազմակերպել հեղեղատարերի մաքրման աշխատանքները։

Անդրադառնալով թեմային՝ փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը խոսեց հեղեղատարների մաքրման խնդիրներից. «Մաքրման հետ կապված՝ կուզեմ ձեզ հետ անկեղծ և ուղիղ խոսել. ունենք որոշ վերապահումներ, որովհետև այն քանակը, որ ներկայացվում է, և այդ հատվածներում այդ քանակից հետո աղբերի կույտերն այդ քանակին համապատասխան չենք նկատում։

Մինչև անձրևների սկսվելը Կենտրոն վարչական շրջանի մի քանի հասցեներում տարբեր խնդրահարույց հատվածներ ենք ներկայացրել և խնդրել ենք, որ աշխատանքները նույնպես արագացվեն այնպիսի ինտենսիվությամբ, ինչպես կատարվեց 1 ամիս առաջ»,- ասաց նա։

Կամո Արեյանն էլ նշեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ այս թեմայով խորհրդակցություն է ունեցել ու քննարկվել է «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրի վերանայումը։

«Այս անհրաժեշտությունը զգացվել է խորհրդակցության ժամանակ, փոխվարչապետը հանձնարարել է բոլոր կողմերին ներկայացնել առաջարկությունները։ Մեր առաջարկությունները 6 կետով ուղարկվել են, սպասում ենք կրկնակի քննարկման ՀԾԿՀ-ի հետ»,– ասաց նա։

Արեյանը նաև տեղեկացրեց, որ պայմանագիրը վերանայելու առաջարկը դրական է գնահատել նաև ՀԾԿՀ-ն:

ajax-loader