ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր օգնականներին հայտնել է ընտրապայքարից դուրս գալու որոշման մասին դա հանրայնացնելուց րոպեներ առաջ, իսկ այդ որոշման պատճառ են դարձել հարցումների արդյունքները։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Իր հայտարարությունից դեռ մեկ օր առաջ Բայդենն օգնականներին ասել էր, որ կշարունակի ընտրապայքարը, որպեսզի նոյեմբերի ընտրություններում հաղթի ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին։
Սակայն հուլիսի 20-ի երեկոյան իրեն ներկայացված հարցումների արդյունքներն ուսումնասիրելուց հետո, ըստ աղբյուրների, Բայդենը փոխել է որոշումը։ Հուլիսի 21-ի ցերեկը նա հեռախոսազրույց է ունեցել իր ընտրարշավի թիմի հետ, որից րոպեներ անց հրապարակել է ընտրապայքարից հրաժարվելու մասին նամակը։
Ըստ աղբյուրներից մեկի՝ Բայդենին ցույց տրված հարցումների համաձայն՝ նա զիջում էր ոչ միայն 6 նահանգներում, որոնք կարող էին որոշել ընտրությունների ընթացքը, այլև այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Վիրջինիան և Մինեսոտան, որտեղ դեմոկրատները չէին էլ նախատեսում մեծ ռեսուրսներ ծախսել։
COVID-19-ի հաստատումից հետո Բայդենը մեկուսացել է Դելավերի իր առանձնատանը։
«Նա մեզ համար ընթերցեց նամակը և ցանկանում էր, որ մենք հասկանանք իր մտքերի ընթացքը։ Նա ասաց, որ դժվարին որոշում էր կայացնում վերջին 48 ժամվա ընթացքում», – ասել է պաշտոնյաներից մեկը։
Բայդենն իր աջակցությունն է հայտնել փոխնախագահ Քամալա Հարիսին՝ որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։