Ծրագրային անսարքությունների պատճառով ավիաընկերությունները և օդանավակայանները զանգվածաբար չեղարկում են թռիչքները, իսկ արդեն իսկ թռիչքի մեջ գտնվողները արտակարգ վայրէջքի համար տեղ են փնտրում։
ՏՏ համակարգերի աշխատանքի մասսայական խափանումների պատճառները դեռ պարզված չեն, սակայն Microsoft-ը հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկում հետևանքները մեղմելու համար։
Մեծ Բրիտանիայի երկաթուղային ընկերությունները ևս հայտարարել են, որ բախվում են «ՏՏ ոլորտում լայնածավալ մարտահրավերների հետ»:
Sky News-ը ստիպված է եղել ընդհատել ուղիղ հեռարձակումը։ Խափանումներ են նկատվում նաև Լոնդոնի ֆոնդային բորսայում։
Microsoft-ի տվյալներով՝ ՏՏ համակարգերում առաջին խափանումները սկսվել են նախօրեին՝ հինգշաբթի օրը, արևելյան ժամանակով 18:00-ի սահմաններում (22:00 GMT):
Այժմ ընկերության ինժեներները հետաքննում են ԱՄՆ-ում ամպային պահեստավորման ծառայությունների հետ կապված խնդիրները, ինչպես նաև Microsoft-ի մի քանի հավելվածների և ծառայությունների աշխատանքի խափանումները։
Դատելով ստացվող տեղեկություններից՝ Ավստրալիան խափանումից ամենաշատ տուժած երկրներից մեկն է։ Այնտեղ զանգվածաբար խափանվել են ոչ միայն օդանավակայանների, այլեւ խանութների ու հեռահաղորդակցության ընկերությունների աշխատանքը։