Հուլիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը:
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը, ՄԱԿ-ի գրասենյակներին՝ արդյունավետ և շոշափելի արդյունքներ երաշխավորող համագործակցության համար։
«Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում թե՛ հանրային մեծ ակնկալիքը, թե՛ Կառավարության վճռորոշ կամքը թույլ են տվել մի շարք արձանագրումներ իրականացնել այս ոլորտում։ Մենք ունեցել ենք ՀՀ ներքին անվտանգության լանդշաֆտում նոր դերակատարի՝ ժողովրդավարական նոր ինստիտուտի ձևավորում՝ ի դեմս ՆԳ նախարարության, որը չափազանց կարևոր նվաճում է, և սա իրականություն է դարձել թե՛ մեր միջազգային գործընկերների, թե՛ քաղաքացիական հասարակության մեր սիրելի գործընկերների, թե՛ պետական վերաբերելի բոլոր մարմինների, թե՛ նաև հանրության յուրաքանչյուր անդամի ներդրած ջանքի և նվիրվածության արդյունքում»,-ասել է Արփինե Սարգսյանը։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը ներկայացրել են արձանագրված ձեռքբերումները, անդրադարձել են Ծրագրի առաջնահերթություններին ու տեսլականին։
Ներկա էին միջազգային կազմակերպությունների, շահագրգիռ նախարարությունների ու պետական կառույցների ներկայացուցիչներ։
Ծրագիրը շարունակում է զարգացնել ԵՄ կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆՒՍԵՖ-ի, ՄԱԲՀ-ի և ԵԱՀԿ-ի կողմից 2021-2024 թթ. իրականացված «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի արդյունքները։
Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդմանը, շահագրգիռ հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների և ռազմավարական հաղորդակցության կատարելագործմանը։