Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) միջազգային խորհուրդը Հայաստանի 2-րդ վավերացման արդյունքում մեր երկրին շնորհել է 89,5 միավոր (100 հնարավորից)՝ 2019թ․ ԱՃԹՆ ստանդարտն իրականացնելու գործում: Հայաստանը գերազանցել է ԱՃԹՆ-ի մեկ պահանջը, լիովին բավարարել 24-ը և գրեթե բավարարել երկուսը:
Ընդհանուր միավորն իրենից ներկայացնում է երեք բաղադրիչների՝ շահագրգիռ կողմերի
ներգրավվածության, թափանցիկության և արդյունքների ու ազդեցության համար ստացած միավորների միջին գնահատականը: ԱՃԹՆ-ի միջազգային պաշտոնական կայքում Հայաստանի վերջին վավերացման գրանցած բարձր արդյունքներին վերաբերող հոդվածում նշվում է, որ «չնայած տարածաշրջանի աշխարհաքաղաքական լարվածություններին և քովիդի հետևանքով առաջացած խափանումներին, Հայաստանի ԱՃԹՆ-ն պահպանել է իր աշխատանքային պլանի իրականացման արդյունավետությունը և ամրապնդել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի՝ երկրի տնտեսության կարևորագույն հատվածի բացահայտումները»:
«ԱՃԹՆ Խորհուրդը իր գովասանքն է արտահայտում Հայաստանի ԱՃԹՆ շահագրգիռ կողմերի նկատմամբ՝ ԱՃԹՆ գործընթացին և թափանցիկության բարեփոխումներին նրանց շարունակական նվիրվածությանհամար»,- շեշտել է ԱՃԹՆ խորհրդի նախագահ Հելեն Քլարկը:
Խորհուրդը բարձր է գնահատում ՀՀ կառավարության և բազմաշահառու խմբի արդյունավետ համագործակցությունը, որը նպաստել է հանքարդյունաբերության ոլորտի տվյալների շարունակական բացահայտմանը և ԱՃԹՆ-ի աշխատանքային ծրագրով սահմանված նպատակների ժամանակին իրականացմանը: Հայաստանի հաջորդ վավերացումն
անցկացվելու է 2027թ․ հուլիսի 1-ին:
Բացի այդ՝ Խորհուրդը ողջունում է Հայաստանի ջանքերը՝ տվյալների հասանելիությունը,
փոխգործելությունը և ամբողջականությունը հետագա բարելավելու ուղղությամբ՝ հիմք ընդունելով սովորական բացահայտումների երկրի փորձը: Խորհուրդը նշում է տվյալների որակը և սոցիալ-բնապահպանական բացահայտումներն առավել ամրապնդելու հնարավորությունների մասին:
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը միջազգային ստանդարտ է, որի նպատակն է խթանել բնական ռեսուրսների բաց և հաշվետու կառավարում: ԱՃԹՆ-ին միացած երկրները պարտավոր են բացել ռեսուրսների արդյունահանմանն առնչվող հարկային վճարումներում, թույլտվություններում, պայմանագրերում և արդյունահանման հետ կապված այլ կարևոր փաստաթղթերում առկա տեղեկություններ:
Քաղաքացիական հասարակության գործուն մասնակցությունը կարևոր բաղադրիչ է երկրի՝ ԱՃԹՆ-ին միանալու գործընթացում: ԱՃԹՆ-ի բազմաշահագրգիռ կողմերի խումբը պետք է բաղկացած լինի կառավարության, արդյունաբերության ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: