Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 16-ին անակնկալ այց է  կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն: Պապիկյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Ողջունել եմ առավոտյան տողանի շարված նորակոչիկներին, որոնք, ուսումնական փուլն ավարտելով, որպես կրտսեր հրամանատարներ մեկնելու են նախորոշված զորամասեր: 

Ժամկետային զինծառայողների հետ զրուցել եմ զինվորական ծառայության առանձնահատկությունների, ՊՆ-ում ներդրված մի շարք ծրագրերի և ուսումնական կենտրոնի տեսական ու գործնական դասերի կարևորության մասին: Այնուհետև շրջել եմ ուսումնական կենտրոնում, հետևել շտաբային նոր շենքի շինարարությանը։ Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ: Նաև ծանոթացել եմ վրանային ավանի կահավորմանը, թիկունքային ապահովմանը: 

Հանձնարարականներ եմ տվել ուսումնական կենտրոնի հրամանատարությանը՝ նորակոչիկների ծառայությունը լիարժեք կազմակերպելու համար:

Ավելի ուշ այցելել եմ հատուկ նշանակության զորամասերից մեկը, շրջել մասնաշենքերում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ընթացող շինարարական աշխատանքներին: 

Զորամասի հրամանատարը զեկուցել է անձնակազմի համալրվածության, մարտական պատրաստության ծրագրի, անցկացվող բազմաթիվ վարժանքների մասին: Սպայակազմի հետ քննարկել եմ զորանոցների նորոգման, կահավորման, ուսումնական նոր ենթակառույցների ստեղծման, ինչպես նաև ուսումնական արգելագոտիների ստեղծման հարցեր»,- գրել է նախարարը:

ajax-loader