Հայաստանի կառավարությունն առաջարկում է խստացնել պատասխանատվությունն ապամոնտաժումից հետո ասֆալտի ծածկի անորակ վերականգնման համար։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հուլիսի 11-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը՝ պատասխանելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։
Վերջինը, մասնավորապես, նշել է, որ ճանապարհները Հայաստանում որպես կանոն, ապամոնտաժումից հետո կամ չեն վերականգնվում, կամ դրանց նորոգումը կատարվում է չափազանց անորակ։
Փոխնախարարն ի պատասխան ասել է, որ այդ առնչությամբ առաջարկվում է ավելացնել տուգանքները շինարարական ընկերությունների համար։ «Կատարված մոնիթորինգը ցույց է տվել, որ տուգանքների ընթացիկ չափերը չեն լուծում առկա խնդիրը»,- նշել է Ղալեչյանը։