Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ անդրադառնալով Երևանի և Մոնրեալի միջև գործակցության հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը մի շարք ոլորտներ են կարևորել:
Երևանի և Մոնրեալի միջև կապեր են հաստատվել դեռևս 1998 թվականին։ 2001 թվականին կողմերի միջև ստորագրվել է քույր քաղաքներ հռչակելու մասին պայմանագիր։
Քաղաքապետն ու դեսպանը փաստել են, որ կա անհրաժեշտություն՝ թարմացնելու ստորագրված փաստաթղթերը՝ երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էնդրյու Թըրները նշել է, որ Երևանում դիվանագիտական ներկայացուցչության առկայությունն արդեն իսկ կարևոր քայլ է երկու երկրների ու քաղաքների համար: