Ամփոփվել է «Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի շրջանակներում անցկացվող նկարների ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Լիբերալ քաղաքականության ինստիտուտը։ Ցուցահանդեսի թեման էր «Բուլինգը դպրոցականների պատկերմամբ»։ Նպատակն էր հանրային ուշադրությունը սևեռել բուլինգի խնդրին և խնդրի ընկալմանը՝ հենց դպրոցականների աչքերով։
Ցուցադրված էր ավելի քան 30 նկար, որոնց հեղինակները 8-17 տարեկան դպրոցականներն են ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից։ Ժյուրիի որոշմամբ առաջին 3 տեղը զբաղեցրած նկարների հեղինակները կստանան խրախուսական մրցանակներ։ Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Էլեն Նուրիջանյանը՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից։
Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել հուլիսի 3-ին «Թուֆենկյան» հյուրանոցում։ Այնուհետև, նկարները ցուցադրվել են Հայաստանի նկարիչների միության շենքում։ Հուլիսի 3-ին՝ ցուցահանդեսի բացման օրը, Լիբերալ քաղաքականության ինստիտուտը ներկայացրել է նաև «Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի նշանակալի արդյունքները։
Լիբերալ քաղաքականության ինստիտուտը, համագործակցելով Նիդեռլանդների թագավորության դեսպանության և ՀՀ ԿԳՄՍՆ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, ներկայացրել է «Փափուկ հմտությունների զարգացումը որպես բուլինգի կանխարգելման և հաղթահարման գործոն» ձեռնարկը: Ձեռնարկը ուսուցիչների և հոգեբանների համար նախատեսված գործիքակազմ է բուլինգի հաղթահարման գործում։ Այն երաշխավորվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ որպես ուսումնական նյութ։
Հրապարակվել են ՀՀ հանրակրթական և մասնավոր դպրոցներում անցկացված որակական և քանակական հետազոտությունների արդյունքները։ Հետազոտությունն ամփոփ պատկեր է տալիս դպրոցներում բուլինգի իրավիճակի մասին։ Ներկայացվել է նաև «Դպրոցներում բուլինգի կանխարգելման և արձագանքման ընթացակարգերի» նախագիծը, որով դպրոցների ղեկավարության համար սահմանվում է հակաբուլինգային ընթացակարգերի մշակման և իրականացման պահանջ։
Այդ օրը բացման խոսքով հանդես են եկել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի տնօրենը, ՀՀ-ում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Յապ Ֆրեդերիքսը և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը: Նրանք կիսվել են իրենց տեսլականով և հույսերով ծրագրի վերաբերյալ:
Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, աշակերտներ և ինստիտուտի ներկայացուցիչներ, ովքեր քննարկել են բուլինգի դեմ պայքարի և դպրոցներում առողջ մթնոլորտի ստեղծման կարևորությունը:
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է Հայաստանի կրթական համակարգում փափուկ հմտությունների զարգացման և բուլինգի կանխարգելման ուղղությամբ՝ նպաստելով երեխաների անվտանգ և ներառական միջավայրի ստեղծմանը:
Ձեռնարկի և հետազոտության օրինակները հասանելի են Լիբերալ քաղաքականության ինստիտուտի պաշտոնական կայքում: